«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:
«Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ քանիցս փորձեց կապ հաստատել Արթուր Հովհաննիսյանի հետ՝ լսելու նաև նրա տեսակետը, թե այդ օրերին սիրտ ունեցել է արդյոք այլ` անձնական բարկեցությունն ապահովող հարցով զբաղվելու կամ մտածելու համար: Պատգամավորը, սակայն, մեր թե՛ հաղորդագրությունները, թե՛ զանգերն անպատասխան թողեց:
«Կոռումպացված նախկիններին» հաճախ հիշատակող իշխանական պատգամավորը, փաստորեն, պաշտոնը սեփական անձին ծառայեցնելու հարցում ոչնչով չի զիջում «նախկիններին»: Հայաստանի համար օրհասական պահին, երբ «Բայրաքթարների» ու ֆոսֆորային զենքերի տակ մեր եղբայրներն էին զոհվում, ու որևէ մեկս չգիտեինք՝ հաջորդ օրը գլխներիս ինչ կգա, ՔՊ-ականն օգտվել է մանդատից տված լիազորություններից ու որոշել «տան հարց» լուծել:
Քաղաքաշինության կոմիտեն, ի դեպ, Հովհաննիսյանի տան հարցը լուծել է «առաջնահերթ» կարգով: Թե ինչպես է որոշվում բնակարան ձեռք բերելու առաջնահերթությունը, կոմիտեից փորձեցինք ճշտել: Քաղշին նախագահ Արմեն Ղուլյանը չարձագանքեց մեր զանգերին, նրա մամուլի քարտուղարը հարցերը նախ բանավոր լսեց, ապա տվեց պետական գերատեսչությունների ամենասիրելի ու հարցերը շրջանցող «հզորագույն» պատասխանը՝ գրավոր հարցում ուղարկեք: Ղուլարյանից ցանկանում էինք լսել նաև հարցի պատասխանը, թե ինչ հրատապություն է ունեցել N «80-Ա» որոշումը, որ պատերազմի ամենաթեժ օրերին որոշել է դրանով զբաղվել: Հարցը փաստացի Արմեն Ղուլարյանի ղեկավարած կառույցն անպատասխան թողեց: Նրանք նաև չպատասխանեցին, թե, ըստ այդ որոշման, հանրային ծառայողներն ինչ արտոնյալ պայմաններով են բնակարան ձեռք բերել:
Այուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ հանրային ծառայողները, այդ թվում՝ պագամավոր Հովհաննիսյանը, բնակարանը ձեռք են բերել շուկայականից մոտ 30 տոկոս մատչելի գնով: Բացի այդ, նրանք օգտվում են նաև եկամտահարկի վերադարձի պետական ծրագրից: Ի՞նչ է ստացվում. անշարժ գույք չունեցող 32-ամյա Հովհաննիսյանին մանդատն անհրաժեշտ էր նախևառաջ տան հարց լուծելու համար։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում