Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, ՀՀ դրոշը և գանձարկղը: Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս։ Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության:
Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել մարտի 7-ին եւ այն կմնա մինչեւ մարտի 22-ը: Այս պահի դրությամբ նախագիծը դիտվել է 161 անգամ, որեւէ մեկը նախագծին կողմ կամ դեմ չի քվեարկել:
Ս.Հ.