Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հանդես է եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ: Մասնավորապես, Հայկ Մամիջանյանն այս փոփոխությամբ առաջարկում է օրենքով ամրագրել, որ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում՝ արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբեր 1-ը եւ հունիսի 1-ը Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ:
Հիմնավորման մեջ պատգամավորըւ նշում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ եւ լարված իրավիճակ: Վերջինիս կայունացման նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար բախվում է դժվարին որոշումներ կայացնելու խնդրին, ինչը կարող է լրջորեն ազդել ինչպես Հայաստանի Հանրապետության եւ իր քաղաքացիների կենսական շահերի, այնպես էլ երկրի հետագա անվտանգության ապահովման վրա: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն փաստը, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձեւին, առավել քան երբեւէ կարեւորվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորման մեխանիզմների ամրապնդման եւ վերջիններս ամբողջ ծավալով կիրառումը վերահսկելու հարցում:
Միեւնույն ժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության շահերը՝ այլ երկրների, միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ հարաբերություններում հաճախ ի պաշտոնե ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, կարիք է առաջանում, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորները տեղեկացված լինեն վերոնշյալ պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող բանակցություններից, արդեն իսկ ձեռք բերված կամ քննարկվող պայմանավորվածություններից եւ Հայաստանի Հանրապետության ու վերջինիս քաղաքացիների իրավունքներին ու շահերին վերաբերող կարեւորագույն այլ հարցերից:
Նաիրա Հովհաննիսյան