Բնական գազի մատակարարման բացակայության պատճառով, այս օրերին Արցախում քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում են գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից շատ վտանգավոր են:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունն ու նշում, որ 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։
Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Խողովակաշարը պայթել է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ վնասված խողովակաշարին: