ԿԱՅԱՑԱՎ «ԳԱՐՈՒՆ Ա…» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, հանրությանը ներկայացվեց ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա…» ֆիլմը, ֆիլմ՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

 

Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում։ Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբը ներկայացրեց ֆիլմի սաունդթրեքը, իսկ ֆիլմի հեղինակները պատմեցին կինոնկարի մասին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով, դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։

««Գարուն ա…» ֆիլմը կերպարների վերլուծություն է։ Ֆիլմի կենտրոնական կերպարներն արտացոլում են մերօրյա հասարակության լայնազանգված շերտերն իրենց մտածողության եւ հայրենասիրության մասին ունեցած իրենց պատկերացումների տարբերություններով։ Ֆիլմը ծնվել է հերոսի ասելիքից: Հայրենիքը զուտ հողակտոր չէ։ Այն սկսվում է յուրաքանչյուրի պատասխանատվությունից, մեծ սիրուց առ հայրենիք, առ ընտանիք, առ հասարակություն: Ֆիլմի հերոսը համոզված է՝ հենց այդ գաղափարն է, որը կարող է առողջ հասարակություն ու հզոր պետականություն ստեղծելու հիմք դառնալ»,- նշեց ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը, ով այս օրերին գտնվում էր Ուկրաինայում, որտեղ եւ իրականացնում էր ֆիլմի հետարտադրական աշխատանքները։ Ռեժիսորին հնարավոր է եղել պատերազմական թեժ իրավիճակներից տեղափոխել Հայաստան ու հասցնել ֆիլմի պրեմիերային։

«Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է ինձ մոտ վեց տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ազգը ոտքի կանգնում եւ համախմբվում բարդ իրավիճակներում։ Ֆիլմի աշխատանքները սկսվել էին մինչեւ 44-օրյա պատերազմը։ Մեր ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարեւոր է։ Սա է մեր հիմնական ասելիքը»,- նշեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։

«Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսներից մեկին։ Կերպարիս անունը նույնպես Լեւոն է, մասնագիտությամբ ջութակահար է, եւ նրա որոշումից սկսվում է ամբողջ ֆիլմի կոնֆլիկտը։ Ֆիլմում արտացոլված է դասական հայրեր-որդիներ դարավոր թեման։ Իմ հայրը գաղափարակից չէ իր հորը, իսկ ես իմ հերթին այն գաղափարների կրողը չեմ, որը հայրս է տածում։ Երեք հերոսների հարաբերությունները շատ ճիշտ են ցուցադրված»,-նշեց ֆիլմի դերասան Լեւոն Հախվերդյանը։

«Հենց սկզբից, երբ սցենարը կարդացի, շատ տպավորվեցի, դրամատիզմով հագեցած պատմություն է՝ հայրեր եւ որդիներ դարավոր անհամաձայնությունների ֆոնին։ Իսկապես հուզիչ պատմություն է։ Իմ կերպարը շատ եմ սիրել, յուրաքանչյուր դերասան շատ կուզենար այսպիսի դեր մարմնավորեր. որքան դերն ունի բարդություններ, հոգեբանական խորություններ, այնքան դերասանի համար մեծ հնարավորություն է ինքնաարտահայտվելու։ Իմ կերպարն այդպիսին է»,-նշեց դերասան Արմեն Մարգարյանը։

Նշենք, որ կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է, մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լեւոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ, սակայն հերոսի կյանքում ապագան եւ հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը:

Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով:

 

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Կաննի կինոփառատոնն այս տարի հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը։ Միջազգային հարաբերությունների սրման պատճառով Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները միջոցառմանը չեն մասնակցի. հայտնում է փառատոնի կայքը։

 

«Մեր մտքերն ուղղված են մասնավորապես ուկրաինացի արտիստներին եւ կինոարտադրության պրոֆեսիոնալներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին, որոնք կյանքերն այժմ վտանգի մեջ են։ 2022թ.-ի ձմռանը Կաննի փառատոնը մտել է պատրաստման փուլ։ Եթե պատերազմը չավարտվի պայմաններով, որոնք կբավարարեն ուկրաինացի ժողովրդին, որոշում է կայացվել, որ մենք չենք ողջունի ռուսական պաշտոնական պատվիրակություններին եւ թույլ չենք տա որեւէ մեկի ներկայությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։ Սակայն մենք կցանկանայինք պատշաճը հատուցել Ռուսաստնում նրանց, ովքեր ռիսկի են դիմել, բողոք հայտնել Ուկարինայի վրա հարձակման եւ ներխուժման դեմ»,- ասված է կազմակերպիչների համատեղ նամակում։

Կազմակերպիչները հայտարարել են, որ աջակցում են նրանց, ովքեր բողոքում են ընդդեմ ռազմական գործողությունների, սակայն նշել են, որ թույլ չեն տա փառատոնին, որը կանցկացվի այս տարվա մայիսին, որեւէ մեկի մասնակցությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։

 

 

 

ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ

Շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը առաջարկ է ստացել «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչից լոնդոնյան ակումբի վաճառքի վերաբերյալ։ «Աբրամովիչը փորձում է վաճառել իր առանձնատներն Անգլիայում։ Նա ցանկանում է նաեւ ազատվել «Չելսիից»։ Մարտի 1-ին ես նրանից ստացա լոնդոնյան ակումբը գնելու առաջարկ։ Ես դեռ կմտածեմ 4-5 օր։ Աբրամովիչը շատ մեծ գումար է պահանջում։ «Չելսին» Աբրամովիչին պարտք է 2 միլիարդ ֆունտստերլինգ, բայց ակումբը չունի այդքան գումար։ Դա նշանակում է, որ գնորդը պետք է փոխհատուցի նաեւ այդ գումարը։ Ես պատկերացնում եմ, որ գործընկերներիս հետ կարող եմ գնել «Չելսին», բայց հստակ գին դեռ չգիտենք։ Պետք է ուսումնասիրել ընդհանուր պայմանները։ Միայնակ չեմ գնի, սակայն 6-7 ներդրողների հետ հնարավոր է գործարքը»,-ասել է Վիսին: Ուկրաինայում ռուսական զինուժի ռազմական գործողությունների պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է սառեցնել մեծահարուստ ռուսաստանցիների հաշիվներն ու ակտիվները իր տարածքում։

 

 

 

ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

«Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին Անգլիայի առաջնության 22-րդ տուրից տեղափոխված խաղում «Բարնլիի» դարպասը խփած գոլի շնորհիվ սահմանել է Պրեմիեր լիգայի ռեկորդ։ 35-ամյա ֆուտբոլիստը 94-րդ գոլն է խփել Անգլիայի առաջնությունում 30 տարեկան դառնալուց հետո։ «Լեսթեր Սիթին» «Բարնլիին» հաղթել է 2։0 հաշվով։ Նախորդ ռեկորդակիրը անգլիացի հարձակվող Իան Ռայթն էր, որը 93 գոլ է խփել Պրեմիեր լիգայում 30 տարեկանից հետո։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վարդին մասնակցել է 17 հանդիպման, խփել 10 գոլ։

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 0։0 հաշվով ոչ-ոքի արդյունքը «Միլանի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում։ «Կարծում եմ՝ այս դերբին քիչ դիտարժան էր նախորդ երկուսից, քանի որ երկու թիմերն էլ մտածում էին 180 րոպեի մասին։ Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ եւ նվաճել եւս մեկ տիտղոս։ Սա մեր 36-րդ հանդիպումն էր այս մրցաշրջանում, պետք է վերականգնել սրությունը, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։ «Միլան» – «Ինտեր» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին։ Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Ֆիորենտինան» ու «Յուվենտուսը»։

 




Լրահոս