Լուսանկարն արվել է Երեւանում
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Հերացի եւ Արմենակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 20-ամյա Էդիկ Գաբրիելյանի վարած Mercedes G 63 մակնիշի եւ 61-ամյա Գագիկ Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւոր, 58-ամյա Ա. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:
Նարե Մկրտումյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),
դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:
Լիլիա Օհանյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով: