«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ եւ այլն:
«Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետեւյալ հարցերի վերաբերյալ.
1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, եւ ի՞նչ սահմաններով,
2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,
3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին եւ ընդհանրապես անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում,
4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ եւ առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը եւ սահմանագծումը,
6. Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որեւէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։
Հ. Գ. Հարցերը նաեւ գրավոր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում