Այս տարվա մարտի 7-ի տվյալներով աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.29 դոլար: Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը թանկացել է՝ դառնալով 530 դրամ, իսկ պրեմիումը՝ 550 դրամ է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.4 տոկոս գնանկում և դիզելային վառելիքի 2.7 տոկոս գնաճ: Իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 31.2 և 44.6 տոկոսով:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ մարտի 7-ի տվյալներով, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Օրինակ, Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 200 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 354 դրամ, Ռուսաստանում՝ 192 դրամ:
Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 346 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է մոտ 500 դրամ: Ի դեպ, Վենեսուելայում այն կազմել է 0.025 դոլար: Մյուս կողմից նկատենք, որ բենզինն ամենաբարձր գինն ունի Հոնկոնգում` լիտրը 2 դոլար 831 ցենտ:
Ս.Հ.