ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Ահազանգ եմ ստացել, որ Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկել քաղաքացի Կարապետ Պողոսյանին, տապալել գետնին, ձեռքերը ոլորել, ինչի արդյունքում վերջինս ստացել է ձեռքի փակ կոտրվածք։
Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները կապ են հաստատել քաղաքացու հետ, հստակեցրել դեպքի մանրամասները, այնուհետև խոսել են ՀՀ ոստիկանության հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։
Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին իր ունեցած քրոնիկ հիվանդությունների մասին, ինչն անտեսվել է նրանց կողմից։
Ոստիկանությունը հայտնում է, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցները քրեական օրենսգրքի 137․1 (Ծանր վիրավորանքի) հոդվածի շրջանակներում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստում։
Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ խնդրելով այս դեպքը պահել ուշադրության կենտրոնում և իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: