ԵՄ-ը ուշադրությամբ հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և ակտիվորեն աջակցում է գազատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հրատապ նամակով դիմել էի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն ԼՈՒՅՈ-ին։ Նամակում մասնավորապես ահազանգել էի, որ Արցախը մարտի 8-ից զրկված է գազից գազատարի վնասման պատճառով, նշել էի, որ Ադրբեջանը թույլ չի տալիս հայկական կողմին աշխատել գազատարի վերանորոգման ուղղությամբ։
Նամակում հատուկ ընդգծել էի, որ Արցախում ցուրտ է, և պարզապես հնարավոր չէ երկար դիմանալ առանց ջեռուցման։ Միաժամանակ հավելել էի, որ Ադրբեջանի այս հանցավոր գործելաոճը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, անընդունելի է, և միջազգային հանրության անտարբերության, Ադրբեջանի հանցավոր գործողություններին ոչ համարժեք արձագանքի պայմաններում Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը վտանգված է։
Դեսպաններին խնդրել էի դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինից ստացել եմ պատասխան նամակ, համաձայն որի վերջին 2 օրերին դեսպանը ուղեկցում էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին՝ Երևան վերջինիս այցի ընթացքում։
Դեսպանը հավաստիացնում է, որ ԵՄ-ը ուշադրությամբ հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և ակտիվորեն աջակցում է խողովակաշարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին։
Դեսպանը կից ներկայացնում է Տոյվո Կլաարի հարցազրույցները, որոնցում ներկայացվում է ԵՄ դիրքորոշումը առկա մարտահրավերների վերաբերյալ։