Մարտի 21-ին խորհրդարանում ԱԺ խորհուրդը պետք է նիստ գումարի եւ հաստատի հաջորդ օրը գումարվելիք նստաշրջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրկարագում 10 հիմնական եւ 11 լրացուցիչ հարցեր են: Հարցերի մեծ մասը խորհրդարանում քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ:
«Հայաստան» խմբակցությունն օրինակ առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում: Մասնավորապես նրանք առաջարկում են ամրագրել.
«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը
«1. Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի ՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով»:
Օրակարգում է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը: Դեռ հայտնի չէ՝ ընդդիմությունն ինչպես կարձագանքի այդ նախագծին:
Ն.Հ.