Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը: 21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ դեր է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը:
«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ՝ համառություն եւ ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշում է Ռոզան:
«Իմ երգերն ուղեւորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,- հավելել է երգչուհին:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով` Առաջին ալիքը շատ բարդ ընտրության առաջ է եղել, սակայն արդյունքում որոշում է կայացվել հնարավորություն տալ նորահայտ արտիստի ներկայացնել մեր երկիրը. ««Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակները հիմնականում մեզ շատ հայտնի արտիստներ են եղել, մինչդեռ միջազգային այս մրցույթը լավ հարթակ է երիտասարդներին բացահայտելու, նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալու տեսանկյունից: Մենք շատ ուրախ ենք վերադառնալ եվրատեսիլյան ընտանիք նոր ասելիքով»:
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշում է. «Ֆոկուս խմբերի միջոցով մենք դիտարկել ենք թե՛ հայ հանդիսատեսին ծանոթ արտիստների, թե՛ նոր անունների թեկնածությունը: Արդյունքում ընտրվել է Ռոզա Լինը՝ փոքր քաղաքից մի աղջիկ՝ մեծ սրտով եւ հետաքրքիր պատմությամբ: Այժմ մեր թիմը երգի մշակման ավարտական փուլում է, որը տեսահոլովակի հետ միասին շուտով կներկայացնենք «Եվրատեսիլ»-ի երկրպագուների դատին»:
Եվրատեսիլյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին:
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում:
ԵՊԹ-Ի ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Երգի պետական թատրոնի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է.
«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին:
«Շուրջ 3 տարի ղեկավարեցի Հայաստանի պետական մշակութային կառույցներից մեկը՝ Երգի թատրոնը: Հաղթահարելով Կովիդի եւ 44-օրյա պատերազմի ծանրագույն տարին՝ այնուամենայնիվ եղան նաեւ մի շարք ձեռքբերումներ, կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արդեն իրականություն են եւ տեսանելի: Արածներիս եւ չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին՝ կողքիս լինելու, պրոֆեսիոնալ աշխատանքի եւ նվիրվածության համար:
Շնորհակալ եմ նաեւ ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի եւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել, եւ հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով:
Շնորհակալ եմ նաեւ թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել եւ իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց ինչպես ինքն էր միշտ սիրում ասել, ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու:
Ցանկանում եմ բարի ընթացք եւ մեծ հաջողություններ մաղթել նոր տնօրենին՝ այդ դժվար եւ պատասխանատու պաշտոնում, եւ իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետագայում էլ աջակցել ուժերիս ներածին չափով: