44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել․ շուտով կլրանա հանձնաժողովի ձեւավորման 2 ամիսը, սակայն ընդամենը 3 նիստ է եղել, այն էլ՝ ընթացակարգային։ Այսինքն՝ բուն պատերազմին չեն հասել։ Մինչդեռ ապրիլյանի հանձնաժողովն ամեն շաբաթ նիստ էր անում։ Չնայած լուրերին, թե ընդդիմության բոյկոտն է փաստի առջեւ կանգնեցրել ՔՊ-ին, որովհետեւ այլեւս անիմաստ են համարում հանձնաժողովի գործունեությունը, քանի որ միայն իշխանությունից կազմված հանձնաժողովի եզրակացությունը որեւէ մեկը լուրջ չի ընդունի, սակայն մեզ վստահեցնում են, որ նման խնդիր չկա։

Հանձնաժողովի նախագահն անդամներին փոխանցել է, որ փորձագետների հետ են աշխատում հրավիրյալների հերթականության, հարցաշարերի մշակման եւ այլ տեխնիկական հարցերի վրա, երբ պատրաստ լինի աշխատակարգը, նիստեր կհրավիրվեն։ Բայց անգամ իշխանական պատգամավորներն են տարակուսած այս դանդաղումից։ Եթե ապրիլի 4-օրյա պատերազմի ուսումնասիրությունը մեկուկես տարի պահանջեց, ապա 20 թվի պատերազմի մասշտաբները, բնույթը, ծավալը, որն առնվազն տասն անգամ ավելի է, թերեւս 15 տարի կպահանջի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս