Կան փակ ճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Տավուշի մարզի Ջուջևան, Շիրակի մարզի Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներից ) տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։




Լրահոս