ArmLur.am-ը օրերս գրել էր, որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արսեն Սարգսյանը դեռևս ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մի քանի վկաների են հարցաքննել, որոնք նշում են, թե որեւէ բան չեն տեսել:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Մալխաս ջազ» ակումբի սեփականտիրոջ դեմ կրակոցների գործով կա մեկ ձերբակալված անձ, որի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է՝ Արսեն Սարգսյանը, որը հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Քնար Մանուկյան