«ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-Ի ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին եւ անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման եւ կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը եւ այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց եւ անչափահասների հետ:

 

Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները.

l քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում եւ որոշ խցերում բարձր է եղել խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման հրատապ անհրաժեշտություն,

l բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց եւ դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաեւ վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները եւ լոգարանները,

l ծնողների հետ բնակվող մինչեւ երեք տարեկան երեխաների համար նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ,

l խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչեւ երեք տարեկան երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում՝ նաեւ մանկական մահճակալով,

l «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ),

l ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք,

l ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի եւ բազմազանության կապակցությամբ.

l առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով եւ տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ,

l միայնակ պահվող, ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից,

l առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման եւ, դրանով պայմանավորված, վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ:

Հարկ է նշել, որ այցի արդյունքում արձանագրվել են նաեւ դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ողջունելի են ազատությունից զրկված անձանց համար իրականացվող հանրակրթական ծրագրերը եւ դրանցում վերջիններիս ներգրավվածությունը:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաեւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

 

 

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ

2021 թվականի 4-րդ եռամսյակում «Յունիբանկ»-ը դարձավ Հայաստանում առաջատարը POS վարկերի գծով եւ տրված վարկերի քանակով եւ ծավալով: 2021 թվականի արդյունքներով՝ բանկը նաեւ պահպանել է առաջատար դիրքը POS վարկերի քանակով: «Յունիբանկ»-ին բաժին է ընկնում շուկայի 21%-ը: Ապառիկ ապրանքներ գնելու համար վարկերը ձեւակերպվում են բանկի ավելի քան 500 գործընկեր խանութներում: Ապրանքների հիմնական տեսականին, որոնց համար վարկեր են տրամադրվել խանութներում, կենցաղային եւ համակարգչային տեխնիկան է, հեռախոսները եւ այլն: Հայտերի մշակման արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Յունիբանկ»-ը լիովին ավտոմատացրել է վարկային սքորինգը եւ ներդրել արհեստական բանականության տեխնոլոգիան: Նորարարական ավտոմատացված համակարգի օգնությամբ 2021 թվականին մշակվել է ավելի քան 400 000 հայտ: «Մեր նպատակն է հաճախորդին հնարավորություն տալ հեշտ եւ հարմարավետ ձեռք բերել ապրանքը ապառիկ: Մեր վարկատեսակների հանդեպ պահանջարկն աճում է տարեցտարի, նշանակում է՝ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: «Յունիբանկ»-ի հաջողության գրավականներից է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, որը հաճախորդների համար էապես պարզեցնում է վարկավորման գործընթացը, այդ թվում՝ մարզերում»,- նշում է «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

 

 

 

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ

Կառավարությունը որոշել է թույլ տալ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում՝ նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակալություն, անհատույց), ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքում սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարի) կատարման ժամկետները 2020 թվականի կտրվածքով համընկնման դեպքում վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարների) կատարման ժամկետները երկարաձգել մեկ տարով։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում առկա են դեպքեր, երբ վերջիններս ստանձնել են ներդրումային պարտավորություններ: ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել խնդրահարույց ժամանակահատվածում պարտավորություն ստանձնած սուբյեկտների կողմից կատարման ենթակա պարտավորությունների  ժամկետները երկարաձգել։

 

 




Լրահոս