Ազգային ժողովը փակ նիստում քննարկեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ անելիքները։ ԱԺ նիստին ձայների 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը որոշեց հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով:
Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք իրենց մեջ պետական կամ ծառայողական գաղտնիք են պարունակում. «Չափազանց կարեւոր է, որ հրատապ թեման` որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց, իր բովանդակությամբ, իր էությամբ հենց նա է, որ հանրության լայն շրջանակների է հետաքրքրում: Եթե կան այնպիսի նուրբ հատվածներ, որոնք պարունակում են իրենց մեջ որոշակի պետական կամ ծառայողական գաղտնիք, կարելի է այդ մասն անցկացնել, բայց ոչ ամբողջ նիստը»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ այս հարցը հանրային լայն հետաքրքրություն ունի, բայց նաեւ անվտանգային բնույթի հարցեր կան, եւ իրենք նպատակահարմար են համարում հարցն ամբողջությամբ փակ նիստով քննարկել. «Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին եւ Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր»:
Հրատապ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր երկու խմբակցությունները: «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը ցանկացել էին, որ որպես զեկուցողներ ներկայանան արտաքին գործերի նախարարը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս պահին նիստը փակ է, եւ լրագրողները չեն տեսել, թե ինչպես են զեկուցողները ներս մտել սենյակ, եւ պարզ չէ, թե ովքեր են կառավարությունից ներկայացել:
Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում: «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարության եւ կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում եւ զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում՝ նաեւ միջազգային կառույցներում, մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,-ասաց Կոնջորյանը:
Նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ հիշեցնելով, որ ժամանակին ընդդիմությունը բոյկոտել էր միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցելուց եւ այդ հարցերը աշխարհում բարձրացնելուց:
«Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքները այս հարցով զբաղվելու համար»,- նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այդ հարցի քննարկմանը:
Քվեարկությամբ հայտարարության նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներ:
Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով միջազգային պատվիրակություններին ընդդիմության մասնակցության հարցին, ընդգծեց, որ ինքը՝ որպես ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության անդամ, մասնակցել է վեհաժողովի երկու նստաշրջաններին էլ, ելույթ ունեցել՝ ի շահ Հայաստանի: «Ես եւ Էլինար Վարդանյանը նաեւ դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին եւ վանդալիզմին տալ գնահատական եւ անմիջապես այնտեղ ուղարկել մոնիթորինգային աշխատախումբ»,- ասաց նա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՄԵՆԱԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԿԵՏԸ
Պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող տարբեր հայտարարություններ իրենց մեջ պարունակում են նկրտումներ ՀՀ տարածքի նկատմամբ, եւ դա փաստացի կերպով ամրագրված է նաեւ ամենաբարձր մակարդակ ունեցող «Շուշիի հռչակագրում»։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Այնտեղ ամրագրված է, որ Ադրբեջանը ցանկություն ունի վերցնելու ՀՀ սուվերեն տարածքը, որը Նախիջեւանը կապում է Ադրբեջանին։ Այստեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում, բայց ավելի խնդրահարույց եմ համարում այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ տարիներ առաջ դեռեւս ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ ինչու է Ադրբեջանը հիմա նման բան պահանջում եւ պնդում, որ մենք նորից պետք է ճանաչենք։ Այստեղ ակնհայտ է մի բան՝ երբ դու զուգահեռ որեւէ գործընթաց չունես ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի ճանաչման առումով, ապա, այո, տարածքային ամբողջականության ճանաչումով նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում. սա ամենախնդրահարույց կետն է այդ հինգ առաջարկությունների մեջ»,- ասել է Ա. Գրիգորյանը։
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋՈՑՈՎ
Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին հանրաքվեի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեղի լրատվամիջոցին տված հարցազրույցում: «Հետեւաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին»,- ավելացրել է Զելենսկին։ Նա եւս մեկ անգամ պնդել է իր այն որոշումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձեւաչափով հանդիպելն անհրաժեշտությունն է ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ «Ես կարծում եմ, որ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադարեցնել պատերազմը»,- ասել է Զելենսկին։
80 ԻՆՔՆԱԹԻՌ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում հակառուսական պատժամիջոցների պատճառով. հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը։ «Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք ձերբակալվեցին թռիչքի ժամանակ»,- ասել է նա խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։ «Օդանավերը ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում»,- նշել է Վիտալի Սավելեւը։
ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ԱՆ «Արմավիրի» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Լազյանի նկատմամբ գործադրել է կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այսպես, 2021թ. մարտի 15-ին իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ տեղամասի պետ Արտակ Լազյանը, որն ի պաշտոնե ղեկավարել է տվյալ տեղամասը, հսկողություն է իրականացրել տեղամասում կալանավորված անձանց եւ դատապարտյալների օրվա կարգացուցակի պահպանման նկատմամբ, համակարգել է տեղամասում տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, նույն մասնաշենքի կալանավոր Դավիթ Աբրահամյանից պահանջել է հետեւել օրվա կարգացուցակի պահանջներին, թույլ չտալ հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված խախտումներ, կատարել տեղամասում ծառայություն իրականացնող աշխատակիցների օրինական կարգադրությունները՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ նշված պահանջները չկատարելու պարագայում կենթարկվի կարգապահական տույժի: Օրինական վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ Արտակ Լազյանի կողմից ներկայացված պահանջները լսելուց հետո կալանավոր Դավիթ Աբրահամյանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի կարող ասել, թե ինքն իրեն ինչպես դրսեւորի, որից հետո 2 անգամ բռունցքով հարվածել է Ա. Լազայանի ճակատային հատվածին` վերջինիս պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Դավիթ Շահենի Աբրահամյանին մեղսագրվում է ենթադրյալ հանցագործության կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
15 ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում մարտի 4-ից էլեկտրաէներգիա, ջեռուցում եւ ջուր չկա, իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ իրավիճակն ընդհանուր առմամբ շատ ծանր է նաեւ մյուս վայրերում՝ Խարկովում, Կիեւում: Պատերազմը շարունակվում է ամբողջ Ուկրաինայում, նրա խոսքով, տարածքը ռմբակոծվում է օդից, ծովից, ցամաքից, եւ կորուստներ կան երկու կողմերից: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հայերն ունեն 15 կորուստ՝ 5 զինվորական եւ 10 խաղաղ բնակիչ: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին: Այդ օրվանից մինչեւ օրս Ուկրաինայից եւ Ռուսաստանից մեծ թվով մարդիկ են ժամանում Հայաստան, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիներ: