ArmLur.am-ը զրուցել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ` քննարկելով Արցախում ստեղծված իրավիճակը, ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունները։
-Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կարծես խուսափում են գալ Արցախ: Սա ինչո՞վ է պայմանավորված:
-Չէի ասի, որ խուսափում են Արցախ գալ: Պատգամավորները Արցախ գալիս էին: Մեզ մոտ գալիս են ե՛ւ իշխանամետ պատգամավորներ, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներ: Ես մի առիթով ասել եմ, որ ինձ համար չկա իշխանամետ խմբակցություն, չկա ընդդիմադիր խմբակցություն: 107 պատգամավորներն էլ իմ հայրենակիցներն են, բոլորն էլ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության խորհրդարանը: Բոլորի առջեւ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի դռները բաց են: Միանգամայն համոզված եմ, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական նիստը կկայանա թեկուզ Երեւանում, քանի որ ստեղծվել է նաեւ միջխորհրդարանական կազմը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում: Երբ հրավերք լինի, մենք անպայման կմասնակցենք, որովհետեւ օրակարգային հարցեր կան, որոնք պետք է քննարկվի նաեւ ՀՀ ԱԺ-ում: Կան օրենքներ հենց պատերազմի հետ կապված, որոնք պետք է ճշտվեն, թե ինչ ենք անում:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ստացվում, իշխանական կողմի պատգամավորների եւ ներկայացուցիչների հետ համագործակցությունը, քանի որ շատերի մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունն Արցախը հանձնել է ռուս խաղաղապահներին եւ ոչնչով չի հետաքրքրվում:
-Մեր բյուջեի ահռելի մասը Հայաստանի Հանրապետությունից է՝ միջպետական վարկերի տեսքով: Ես՝ որպես ԱՀ ԱԺ նախագահ, պետք է հարգեմ մեր հայրենակիցների վստահության քվեն: Եվ ՀՀ իշխանությունները պետք է հարգեն Արցախի ժողովրդի կողմից վստահության քվեի արժանացած մարդկանց: Մենք ոչ թե բարեկամական, այլ եղբայրական հարաբերություններ ունենք: Մենք միեւնույն օրգանզիմի տարբեր մասերն ենք: Ո՞նց կարող է օրգանիզմի մի մասը ցավի, մյուսը դա չզգա: Ես միշտ ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանն ասում եմ, որ Արցախը սուրբ տեղ է: Եկեք այստեղ եւ գնացեք կանգ առեք: Ես ՀՀ ԱԺ բոլոր նիստերը մեծ ուշադրությամբ հետեւում եմ եւ, մեկ-մեկ ցավ եմ ապրում: Ես ուզում եմ՝ գա մի պահ, որ կանգ առնեն: Գոնե հարցեր կան, որ միեւնույն տեսակետը պետք է ունենանք, ոչ թե միայն Արցախի Հանրապետության խմբակցությունները կամ Հայաստանի Հանրապետության խմբակցությունները, այլ 10 միլիոն հայերը: Եթե մենք ստեղծում ենք Արցախի շուրջ համազգային հիմնախնդիր, այս բոլորը միեւնույն տեսակետը պետք է ունենան, հակառակ դեպքում մենք շատ բան ենք կորցնելու: Կան մարդիկ, որոնք մտավախություն ունեն Արցախ այցելելու, մտածում են՝ կարող է լարվածություն ստեղծվի: Հիմա ամբողջ Արցախն է սահմանամերձ: Ես չեմ գտնում, որ Հայաստանի իշխանությունն ու հայ ժողովուրդը ձեռք է քաշել Արցախից: Սա ծանր ժամանակաշրջան է, որ համոզված եմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում: Մենք ոտքի ենք կանգնելու ու միասնակամ ուժերով կարող ենք հաղթանակներ ու հաջողություններ գրանցել:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է: Պատգամավորի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի առաջ ծառացած հրատապ խնդիրներն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը:
Արցախի նախագահն իր խոսքում նշեց, որ դժվար ժամանակներ են ապրում, եւ այս բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ Արցախի առաջնային խնդիրը անվտանգությունն ու հայկական մնալն է։ Երկրի ղեկավարը, դիմելով պատգամավորին, իր երախտագիտությունը հայտնեց՝ Արցախի ու արցախահայության խնդիրները մշտապես բարձրաձայնելու եւ հետեւողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար: Ավելին՝ նախագահը խորհրդանշական համարեց, որ պատերազմից անմիջապես հետո էլ Հայաստանից ժամանած առաջին պատգամավորը Թագուհի Թովմասյանն է եղել, որին այն օրերին այս նույն աշխատասենյակում ընդունել է։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր գործունեության առաջին օրվանից խորհրդարանում Արցախի ձայնն է մշտապես բարձրացրել, եւ վստահեցրեց, որ Արցախ աշխարհի խնդիրները ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլ նաեւ միջազգային բոլոր իրավասու կառույցների համար է բարձրաձայնելու։ Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: ԱԺ նախագահը նախ անդրադարձ է կատարել 2020թ. 44-օրյա պատերազմին եւ հետպատերազմյան իրողություններին, ապա խոսել ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա իրավիճակի եւ նոր մարտահրավերների մասին։ Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։ Իսկ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ փաստահավաք առաքելության նպատակով Արցախում է, որպեսզի տեղում ծանոթանա Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Միաժամանակ պատգամավորը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել հանձնաժողովի հանրային եւ հրապարակային գործունեությունը։ Բացի այս, Թագուհի Թովմասյանին ընդունել է նաեւ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, արցախահայության իրավունքների պաշտպանության, միջազգային հարթակներում հումանիտար խնդիրների բարձրաձայնման անհրաժեշտությունը: Նշենք, որ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել են նաեւ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գազի մատակարարման հետ կապված խնդիրները, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցեր։
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամներ Սուսաննա Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Անգելինա Գասպարյանը, Հեղուշ Գալստյանը եի Վլադիմիր Գասպարյանը դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազին: Նրանք պահանջում են, որ դատարանը ստիպի 06.09.2021թ. թիվ 22-2-20 գրությունն անվավեր ճանաչել եւ հայցվորներին գույքի ձեռքբերման պահին շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնել: Արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է նախկին ոստիկանապետի հայցը, եւ վերջիններս էլ բողոքարկել են այն քաղաքացիական վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի դուստրը` Անի Սարգսյանը, դատի էր տվել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Նշվում է, որ Սարգսյանը դիմել է դատարան` պահանջելու վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին կայացված «Հայցվորին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։ Անի Սարգսյանը, ինչպես նաեւ նրա հայրը՝ Լեւոն Սարգսյանն ու եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստանալու եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, Անի Սարգսյանի ու Նարեկ Սարգսյանի դեպքում՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ 2021-ի հուլիսին Անի Սարգսյանը հրավիրվել էր դատախազություն։
ՄԻՍ ՈՒ ՕՂԻ Է ԳՈՂԱՑԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մամիկոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 09-ից մինչեւ նույն թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հրելու միջոցով բացել է Վոլոդյա Չապուխյանին պատկանող, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 25-րդ փողոցի 10-րդ հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել առանձնատուն, գաղտնի հափշտակել 15.5 լիտր տնական հոնի օղի, գործիքների հավաքածու, պահածոյացված տավարի միս՝ Վոլոդյա Չապուխյանին պատճառելով 100000 դրամի գույքային վնաս: Բացի այդ, Մամիկոն Ղազարյանը 2021 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 12:00-ից մինչեւ նույն թվականի ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ հրելու միջոցով բացել է Կառլեն Գալստյանին պատկանող Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի 6-րդ փողոցի 30-րդ հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան եւ գաղտնի հափշտակել երկու հատ էլեկտրական հոսանքի կարգավորիչ, մեկ հատ մեղր քամելու սարք՝ Տիգրան Գալստյանին պատճառելով 192000 դրամի վնաս: