Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել կրիմինալ պատմություններով, գաղտնիք չէ ոչ ոքի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս անգամ, սակայն, իրավապահները կանգնել են փաստի առաջ եւ մտահոգված են, որ առաջիկայում Սյունիքում վենդետան անխուսափելի է լինելու: Իսկ ինչ է կատարվում:
Ինչպես են զարգացել դեպքերը: Գորիսում ամիսներ առաջ ծեծում են քաղաքապետ Առուշ Առուշանյանի քրոջ որդուն: Ծեծողներից մեկն էլ լինում է Վարդան Ա-Ն: Իրավապահները Վարդան Ա-ին մեղադրանք են առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել հատկանիշներով:
Արդյունքում, այս դեպքից հետո Առուշ Առուշանյանի հարազատները անպատասխան չեն թողնում եւ դեպքից հետո ամիսներ անց Առուշ Առուշանյանի բարեկամներից Արտակ Ճաղարյանը որոշում է վերժխնդիր լինել Վարդան Ա-ից եւ կրակում է նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
Ու մինչ իրավապահները ձերբակալում, ապա ավելի ուշ կալանավորում են Վարդան Ա-ին ն եւ փորձում են զսպել Առուշ Առուշանյանի հարազատների գործողությունները, Սյունիքում վենդետաների շարքը հասնում է Երևան: Հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունենում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվում Արմեն Ղ-ից, ով հայտնում է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։ Ոստիկանները պարզում են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված ասֆալտահարթիչը: Նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։
Ու մինչ այս դեպքերով իրավապահները ձերբակալում ու կալանավորում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, դատարանի որոշմամբ այս դեպքերի հիմնական դերակատարներից մեկը՝ Վարդան Ա-ն, առաջիկայում ազատ կարձակվի, քանի որ դատարանը նրա կալանքի երկարացման միջնորդությունը չի բավարարել: Այս իրավիճակն էլ խիստ մտահոգել է իրավապահներին, եթե դատարանը ազատ է արձակում այս անձանց, մարզում վենդետան անխուսափելի է լինելու:
Քնար Մանուկյան