ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել. ինչ է ասել նա իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Այգեստանում հնչած կրակոցներից: Մասնավորապես կրակոցներ արձակած տղամարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել եւ Ռուսաստանից եկել ու գնացել է ռազմաճակատ: Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, կրակոցների ժամանակ թմրանյութի ազդեցության տակ է եղել եւ իրավապահներին ասել է, որ իրեն հետապնդում են, կան թաքնված մարդիկ, ուստի դրա համար է նա կրակոցներ արձակել:

Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր էր ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում:
Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ էր արձակել, ինչից հետո շարժվել էր Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը Նալբանդյան 130 հասցեի մոտ նկատել էին ինքնաձիգով զինված քաղաքացուն և, չգտնվելով ծառայության մեջ, հետապնդել էին նրան, ապա կանգնեցնելով՝ սկսել էր բանակցել, որ զենքը հանձնի իրեն: Բանակցությունների արդյունքում տղամարդը ոստիկանին էին հանձնել ինքնաձիգը, ինչի մասին ոստիկանը հաղորդել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մոտեցած պարեկներին է հանձնել տղամարդուն և ինքնաձիգը:

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այգեստանի 9-րդ փողոցում՝ դեպքի վայրում, զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Իսկ տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Քնար Մանուկյան




Լրահոս