ԱՄՆ կոնգրեսականները Պետդեպարտամենտին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ալիևի ռազմատենչ գործողությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները Պետդեպարտամենտին կոչ են արել օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու, նրան բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման առնչությամբ հայտարարությունում մասնավորապես շեշտել են. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Կոնգրեսականներն ընդգծել են, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը դեպի Արցախի հող, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և այդ տարածքում խաղաղ բնակիչներին բնական գազի հիմնական աղբյուրից զրկելը 2020 թվականի հրադադարի խախտում է և սպառնալիք է անմեղ մարդկանց համար:

«Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների այս հստակ օրինակի վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ գործողությունները և նրան վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղ գործընթացի միջոցով»,-ասված է կոնգրեսականների հայտարարությունում:




Լրահոս