«Լեռնային Ղարաբաղում այժմ կարեւոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ զորակազմի ուղարկման հնարավորության հարցը պետք է տալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ կարծում է Պեսկովը։ «Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ: Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունների պայմանները»,- փոխանցել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից: Դրան հաջորդել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հայտարարությունը, որում նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանական բանակի զորքերը մեր երկրի ինքնիշխան տարածքի մաս կազմող Փառուխ գյուղում եւ նրան հարող լեռնային շրջաններում չեն փոխվել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե, իբր, հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ տուժած զինծառայողների մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հայտարարությունում:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զորքերի շարժի: «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու եւ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»:
Ն. Պ.
ԽՆԴԻՐ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ
«ՀՀ իրավական կարգավորումները, մասնավորապես՝ գույք ձեռք բերելու վերաբերյալ կարգավորումներն այնպիսին են, որ Հայաստանում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ»,-ասել է Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ տարբեր մարզերում անշարժ գույք են ձեռք բերել։ «Եթե չեմ սխավում՝ իրավունքների գրանցման կետից սկսած մինչեւ այսօր մենք ունեցել ենք ընդամենը 72 միավոր, որ գնվել էր Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մի մասը բնակարաններ էին, մյուս հատվածը՝ հասարակական օբյեկտներ։ Մենք այստեղ որեւէ խնդիր չենք տեսնում, եթե չեմ սխալվում՝ 2002թ. սկսած։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, ապա երբ նրանք Հայաստանում գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճանապարհորդական անձնագրեր, այսինքն՝ ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական ծրագիր, եւ այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում ձեր բոլոր մտավախությունները փարատվում են, որովհետեւ եթե ունի ճամփորդական անձնագիր, դա նշանակում է, որ ամեն ինչ տեղը տեղին է»,-պարզաբանել է Սուրեն Թովմասյանը։
ԸՆՏՐՎԵՑ
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվեց ավագանու ընտրություն: Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։ Ձայները բաշխվել են՝ «Իմ հզոր համայնք»-9 694, «Քաղաքացիական պայմանագիր»-13 139:
ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նախարարների կաբինետին, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին եւ «Գազպրոմին» մինչեւ մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի դեմ սահմանափակումներ ներդրած երկրների համար գազի մատակարարումների դիմաց վճարման արժույթը ռուբլու փոխելու համար։
ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակը եւ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», – հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Նշենք, որ բանակցությունները տեղի են ունենալու մարտին 29-30-ը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Այգեստանում հնչած կրակոցներից: Մասնավորապես, կրակոցներ արձակած տղամարդը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել եւ Ռուսաստանից եկել ու գնացել է ռազմաճակատ: Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, կրակոցների ժամանակ թմրանյութի ազդեցության տակ է եղել եւ իրավապահներին ասել է, որ իրեն հետապնդում են, կան թաքնված մարդիկ, ուստի դրա համար է նա կրակոցներ արձակել: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ոստիկանության կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր էր ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ էր արձակել, ինչից հետո շարժվել էր Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ: Ոստիկանների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է ինքնաձիգը: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Այգեստանի 9-րդ փողոցում՝ դեպքի վայրում, զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, եւ կրակոցների հետեւանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Տղամարդու մոտ հայտնաբերվել է նաեւ ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով: 30-ամյա տղամարդը ձերբակալվել է:
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդուարդ Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ եւ չունենալով փաստաբանական գործունեության արտոնագիր, 2019թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2021թ. ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Մանսուր Ջաֆար Էլմիֆարդից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս եւ նրա ներկայացուցիչ Աբբասալի Ղոլամհոսսենի Թաղի Զադեհ Ռամաթաբադին մոլորեցնելու, նրանց գիտակցության եւ կամքի վրա ներազդելու նպատակով վերջիններիս ներկայանալով որպես փաստաբան եւ Վայոց ձորի մարզի մարզպետի տեղակալ, ասելով, թե, իբր, լայն կապեր ունի տարբեր պետական կառույցներում, կարող է հասնել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործի վերանայմանը, ստանալ դրական արդյունք եւ այլ տարբեր պատճառաբանություններով, գործով փորձագետի վճարի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում վճարում կատարելու, «ԷԼ. ՄԻ. ՋԻ» ՍՊ եւ «Որարտու Լենդ» ԲԲ ընկերությունների կալանքի տակ գտնվող գույքը հետ ստանալու, Սարգիս Աղաբեկյանի դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու, ինչպես նաեւ ձեւավորված վստահությունն ամրապնդելու նպատակով, իբր, իր բողոքի հիման վրա, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, գոյություն չունեցող քրեական գործով տուժող ճանաչելու մասին որոշումը տրամադրելու միջոցով Երեւան քաղաքի տարբեր վարչակն շրջաններում պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 14.600 ԱՄՆ դոլար գումար եւ խաբեությամբ հափշտակել այն: