ՋԵՐՄԱՉԱՓԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԳԵԼՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շուտով կարգելվի սնդիկով ջերմաչափերի վաճառքը։ Ազգային ժողովին շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած օրենսդրական փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջապես է ընդունվել: «Սնդիկի մասին» օրենքը կիրառության մեջ մտնելուց հետո ոչ միայն սնդիկով ջերմաչափերը, այլ նաեւ բարոմետրերն ու մանոմետրերը կիրառությունից դուրս կգան։ Օրինագիծն ընդունվել է «Մինամատայի սնդիկի մասին» կոնվենցիայի հիման վրա, ինչի ներքո նաեւ Հայաստանն է ստորագրել: Կոնվենցիան ընդունվել է Ճապոնիայի Մինամատա քաղաքում, քանի որ այնտեղ 1950-ականների սկզբին սնդիկով զանգվածային թունավորումներ էին գրանցվել։ Մինամատայի կոնվենցիայով՝ այն երկրները, որ սնդիկ չունեն, բայց ինչ-որ ժամանակ ինչ-որ կերպ այն ձեռք են բերել, ապա լիազոր մարմիններին պետք է տեղյակ պահեն դրա շարժի մասին:

 

Ըստ նույն կոնվենցիայի՝ սնդիկի կիրառությունը թույլատրվում է կոնկրետ դեպքերում ու կոնկրետ չափով՝ խիստ վերահսկողության ներքո: Իսկ ի՞նչ է լինելու մարդկանց՝ դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից ձեռք բերած սնդիկով ջերմաչափերի հետ: Հարցին իշխանության ներկայացուցիչները կոնկրետ պատասխան չեն տալիս՝ ասելով, թե այդ մասով կառավարությունը հատուկ ենթաօրենսդրական ակտ կարող է ընդունել:

Լրագրող-բնապահպան Նարինե Կիրակոսյանի համոզմամբ՝ սա մերօրյա իշխանավորների կողմից ընդունված հերթական անմիտ, ավելի ճիշտ՝ բոլորովին այլ նպատակներ հետապնդող օրենքն է: Ինչպես պոլիէթիլենային տոպրակների դեպքում էր (արգելելու փոխարեն կառավարությունը դեռ մի բան էլ դրանց գինը թանկացրեց), նույնը նաեւ սնդիկի դեպքում է լինելու:

Սա մարդկանց աչքերին թոզ փչելու վառ օրինակ է, ասում է Կիրակոսյանը՝ հիշեցնելով, որ հայրենի իշխանություննները, սնդիկ պարունակող նյութերի ու թափոնների հանձնումը կամ դրանց օգտագործումը չկազմակերպելով, որոշել են արգելել սնդիկ պարունակ ընդամենը մի քանի սարքերի վաճառքը: Սնդիկի վտանգավորությունը, դրա թե՛ բնության, թե՛ մարդու առողջության վրա բացասական ազդեցության հանգամանքը որեւէ մեկը կասկածի տակ չի դնում, բայց ինչպե՞ս ու ի՞նչ գործիքակազմով են մասնագետները չափելու, օրինակ, շպարվելու միջոցների մեջ սնդիկի՝ օրենքով թույլատրված չափաբաժնի առկայությունը: Բնապահպանը կասկածներ ունի, որ կոսմետիկ միջոցներ արտադրողները, այսպես ասած, մաքուր փաստաթղթեր կարող են ներկայացնել, բայց վերոնշյալ նյութերի արտադրության ժամանակ կարող են խախտել կամ շեղումներ տալ սնդիկի գործածության մեջ: Իսկ եթե տարաբնույթ նյութերում առկա սնդիկի իրական չափաբաժինը հնարավոր չի ստուգել կամ վերահսկել, ապա Փաշինյանի թիմակիցները «փուչիկ» օրենք են ընդունել:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա կառավարության կողմից էլեկտրական ջերմաչափերի ներկրող գործարարներին արտոնություն տրամադրելու ու նրա բիզնեսը խթանելու ծրագիր է, որ սնդիկով ջերմաչափի փոխարեն քաղաքացիներն էլեկտրականը գնեն:

Ինչ վերաբերում է սնդիկի դարդուցավով տառապող իշխանականներին, ապա Նարինե Կիրակոսյանը նրանց մի քանի հարց է ուղղում. Հայաստանում վերջին անգամ ե՞րբ են սնդիկի վերաբերյալ հետազոտություններ արվել, եւ ունե՞նք արդյոք բավարար գիտական ներուժ ու չափիչ սարքեր, որ մի շարք ապրանքների ու նյութերի պարունակության մեջ կարողանան սնդիկի պարունակությունը որոշել։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԻԵՎԻ՞Ց  Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում մարտի 24-ից զետեղված է հետեւյալ տեղեկատվությունը.

 

«Հաղարծին գյուղական բնակավայրում ավարտվել են շուրջ 1300 մետր ջրագծի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Ծրագիրը կյանքի է կոչվել մեր համայնքի բարեկամ Սիփան Փաշինյանի նախաձեռնության շնորհիվ: Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության համար»։ Նախկինում՝ Աժ պատգամավոր եղած ժամանակ, Սիփան Փաշինյանը Հաղարծին գյուղի թաղամասերից մեկում ջրագծի վերանորոգման աշխատանքներ է կազմակերպել։ Հավաստի տեղեկություններ կան, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը վաղուց գտնվում է Ուկրաինայում, որտեղ  բուքմեյքերական ընկերություն եւ Կիեւ քաղաքի  մոտ լվացող նյութերի արտադրամաս է գործարկել։ Պատերազմի մեջ գտնվող Կիեւից Սիփան Փաշինյանը ինչպե՞ս է նախաձեռնել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում ջրագծի հիմնանորոգման աշխատանքները։ Համայնքապետարանի կայքում շնորհակալություն հայտնելով Սիփան Փաշինյանին՝ Դիլիջան համայնքի ղեկավար, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի 2000 թվականի շրջանավարտ Դավիթ Սարգսյանը այդպես երախտապարտ է լինում Սիփան Փաշինյանին իր՝ համայնքի ղեկավար դառնալու համար։ Դ. Սարգսյանը  ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է։ 2021թ. փետրվարի 22-ին լրացավ 2005թ. Դիլիջան քաղաքը ղեկավարած, 2016 թվականից Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար  Արմեն Սանթրոսյանի պաշտոնական լիազորությունների ժամկետը։  4 օր անց՝ փետրվարի 26-ին, վարչապետ   Նիկոլ  Փաշինյանը որոշում  կայացրեց  Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի  պաշտոնակատար   նշանակել  1984թ. ծնված,  Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում հեռակա սովորող Դավիթ Սարգսյանին։ Դ. Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների 2020թ. հանրաքվեի (որը չկայացավ) Դիլիջանի շտաբի  ղեկավարն է  եղել։  Նա  2016թ.  Դիլիջան համայնքի ավագանու անդամ էր,  խոշոր համայնքի ավագանու նիստերից ամենաշատ բացակայած ավագանու անդամն է, 5 տարում բացակայել է ավագանու 39 նիստերից։ 2021թ. հոկտեմբերի 14-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանին այդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցանկը գլխավորած Դավիթ Սարգսյանին ընտրեց Դիլիջան համայնքի ղեկավար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ուկրաինան եւ Ռուսաստանը բանակցություններում քննարկում են ռուսաց լեզվի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների եւ հնարավոր «չեզոքության» հարցը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի ապանացիֆիկացմանն ու ապառազմականացմանը, ապա Ռուսաստանի Դաշնության այս վերջնագրերը երկխոսության ժամանակ չեն նշվում։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի են ապանազիֆիկացումը եւ ապառազմականացումը, եւ Ուկրաինան մտադիր չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ռուսաստանը այս երկու հարցերը բերի օրակարգ։

Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի ոչ միջուկային եւ չեզոք կարգավիճակը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները, որոնք Կիեւը պետք է ստանա նման փոխզիջման իրականացման դիմաց։ Սակայն, ըստ նախագահի, այս հարցը պետք է «խորապես մշակվի»: «Մենք պատրաստ ենք գնալ դրան (չեզոք կարգավիճակ – խմբ.), ուստի մենք շահագրգռված ենք, որ այս փաստաթուղթը վերածվի լուրջ համաձայնագրի, որը կստորագրվի… Հիմա անցում կանեմ հանրաքվեին։ Այն պետք է վավերացնեն երաշխավոր երկրների խորհրդարանները։ Իսկ Ուկրաինայում պետք է հանրաքվե լինի։ Ինչո՞ւ, քանի որ մենք ունենք «Հանրաքվեների մասին» օրենք, մենք այն ընդունել ենք։ Այս կամ այն կարգավիճակի փոփոխությունը… Իսկ անվտանգության երաշխիքները սահմանադրական փոփոխություններ են ենթադրում»,- իր տեսակետը պարզաբանել է նախագահը։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր փոխզիջումների վերաբերյալ հանրաքվեն կարող է անցկացվել մի քանի ամսվա ընթացքում, իսկ Սահմանադրության փոփոխությունները կամրագրվեն առնվազն մեկ տարի։

«Մենք պետք է պայմանավորվածություն ունենանք նախագահ Պուտինի հետ: Երաշխավոր երկրները ոչինչ չեն ստորագրի, եթե զորքերը շարունակեն իրենց տեղում գտնվել: Ինչո՞ւ եմ կարծում, որ պատերազմը կարող է արագ ավարտվել, եւ միայն Պուտինն ու նրա շրջապատն են ձգձգում… Որովհետեւ… Ջոնսոն, Բայդեն, Դուդա, Էրդողա՞ն։ Ո՞վ է նստելու ինչ-որ բանի մասին խոսելու, եթե զորք շարունակի մնալ։ Ո՞վ է ինչ-որ բան ստորագրելու. ոչինչ չի լինի, դա անհնար է», – ընդգծել է Զելենսկին եւ մատնանշել ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

 

 

 




Լրահոս