Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։
Հանդիսավոր արարողությունը տեւել է մոտ 3 ժամ։ Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ կազմակերպիչներն ութ անվանակարգերի հաղթողների անունները հայտարարել էին միջոցառման մեկնարկից առաջ։
«Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում լավագուն ֆիլմ է ճանաչվել «CODA. խուլ ծնողների երեխան» ժապավենը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված էր տասը ժապավեն՝ Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն»-ը, Դենի Վիլնեւի «Դյունա»-ն, Ռյուսուկե Համագուտիի «Նստիր իր մեքենայի ղեկին»-ը, Քեննեթ Բրանի «Բելֆաստ»-ը, Ադամ Մաքքեյի «Մի նայեք վերեւ»-ը, Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմություն» մյուզիքլը, Փոլ Թոմաս Անդերսոնի «Մատուտակով պիցցա»-ն, մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Մղձավանջների արահետ»-ը, Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա»-ն։
Ամենաշատ մրցանակների է արժանացել Դենի Վիլնեւի «Դյունա» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Թիմոթի Շալամեն։ Ժապավենը մրցանակների է արժանացել «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։
«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ուիլ Սմիթը «Ռիչարդ արքա» ֆիլմում կատարած դերի համար։ Հոլւվուդյան աստղը երրորդ անգամ էր առաջադրվում մրցանակին եւ առաջին անգամ հաղթանակ է տարել։ Մրցանակին հավակնում էին նաեւ Խավիեր Բարդեմը («Ռիկարդոյի դերում»), Բենեդիկտ Քեմբերբետչը («Շան իշխանությունը»), Էնդրյու Հարֆիլդը («Տիկ-տակ… Բում») եւ Դենզել Վաշինգթոնը («Մակբեթի ողբերգությունը»)։
«Լավագույն դերասանուհի» մրցանակը ստացել է 45-ամյա դերասանուհի Ջեսիկա Չիսթեյնը «Թեմի Ֆեյի» աչքերը ֆիլմում կատարած դերի համար։ Դերասանուհին երրորդ անգամ էր առաջադրվում մրցանակին եւ առաջին անգամ հաղթանակ է տարել։ Մրցանակին հավակնում էին նաեւ Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստր»), Նիկոլ Քիդմանը («Ռիկարդոյի դերում»), Քրիստեն Ստյուարդը («Սփենսեր») եւ Պենելոպա Քրուսը («Զուգահեռ մայրեր»)։
Ջեյն Քեմփիոնը մրցանակ է ստացել «Շան իշխանություն» ֆիլմում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար։ Անվանակարգում առաջադրված էին նաեւ Քենեթ Բրանան («Բելֆաստ»), Փոլ Թոմաս Անդերասանը («Մատուտակով պիցցա»), Ռյուսուկե Համագուտին («Նստիր իմ մեքենայի ղեկին») եւ Սթիվեն Սփիլբերգը («Ուեսթսայդյան պատմություն»)։
Հայտնի երգչուհի եւ հեղինակ Բիլի Այլիշն «Օսկար» է ստացել Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի համար գրված երաժշտության համար։ Նրա հետ մրցանակը ստացել է համահեղինակը՝ Այլիշի եղբայր Ֆինեաս Օ՛Քոնելը։
ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությունն անց է կացվում Հոլիվուդի «Dolby Theatre»-ում։ Հաղորդավարներն են դերասանուհիներ Էմի Շումերը, Ռեջինա Հոլը եւ Վանդա Սայքսը։ Մրցանակաբաշխության հանձնումն անց է կացվում «Կինոյի սիրահարները միասին» նշանաբանի ներքո։
ՏՈՌԵՍԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
«Այդ մասին իրականում չեմ ցանկանում խոսել: Այդ խնդրով զբաղվում են իրավաբանները, ոչինչ չգիտեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Դիանա Տոռեսը` անդրադառնալով իր եւ դերասանուհի Տաթեւ Սարգսյանի դատական գործընթացին:
Հարցին, թե արդյոք միջադեպից հետո փորձել է Տաթեւ Սարգսյանի հետ խոսել, Դիանան ասաց, որ անձամբ ինքը ոչինչ չի ձեռնարկել: Հիշեցնենք, որ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում: Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային:
Սակայն այս նամակը հայտնվելով Դիանայի ձեռքի տակ՝ զայրացրել է նրան, եւ վերջինս մի քանի հետաքրքիր եւ սկանդալային «բացահայտում» էր արել Տաթեւ Սարգսյանի մասին: Մասնավորապես, դերասանուհին, անդրադառնալով նրա բարոյականությանը, նշել էր, թե Տաթեւը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:
Նշենք, որ 2020 թվականին Տաթեւ Սարգսյանը դատի էր տվել Դիանա Տոռեսին իրեն զրպարտելու համար եւ պահանջում էր Դիանայից հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։
Ի դեպ, դերասանուհի Դիանա Տոռեսն անձամբ դատական նիստերին ներկա չի գտնվում, դատական ընթացքին հետեւում է միայն վերջինիս փաստաբանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԵՏ՝ ՄԵԿ ՄԻԱՎՈՐՈՎ
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով: Գրան Պրիի 6-րդ տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին Արոնյանի պարտությամբ: Այժմ Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, ով ունի 4 միավոր: Բեռլինի Գրան Պրին շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹԻՄ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ
«Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը չի քննարկվում, այդպիսի մտադրություն ակումբը չունի։ Մի քանի օր առաջ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին նշել էր, որ ակումբի դռները միշտ բաց են Մեսիի համար, որի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ «Ես ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել Մեսիից կամ նրա մերձավորներից այդ հարցով։ Հիմա մենք չենք դիտարկում նրա վերադարձը։ Մենք կառուցում ենք երիտասարդ թիմ, որը սկսում է արդյունքի հասնել։ Մեսին լավագույնն է աշխարհում, բայց մենք նրան վերադարձնելու մտադրություն չունենք, թեեւ դա հետքայլ չէր լինի։ Մենք ցանկանում ենք նվաճել չեմպիոնի տիտղոսը, երկրորդը լինելու ցանկություն չունենք։ Ես վստահ եմ, որ մեր թիմը կարող է այս մրցաշրջանում դառնալ չեմպիոն։ Վերջին փուլին հասել ենք լավ մարզավիճակում։ Չավին հասունացել է, նա լավատես է, ընտանիքի անդամ է։ Նա կմնա պաշտոնում այնքան, ինչքան ցանկանա։ Կարծում եմ՝ նա երկար տարիներ կլինի թիմում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է RAC1-ը։ Իսպանիայի առաջնության 28 խաղից հետո «Բարսելոնան» 54 միավորով երրորդն է։ Առաջատար «Ռեալն» (29 խաղ) ունի 66 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան» (29 խաղ)՝ 57 միավոր։
«ՈՍԿԵ ԳԵՏԱԿԻՆՃ»
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր չնվաճելու համար արժանացել է «Ոսկե գետակինճ» հակամրցանակին: Ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Իտալիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային։ Իտալական հեռուստաալիքների «Ոսկե գետակինճ» մրցանակին 57-ամյա մասնագետն արժանացավ 8-րդ անգամ։ Այն շնորհվոմ է խոշոր ձախողումների համար։