Ավելորդ քաշի դեմ պայքարը սովորաբար ասոցացվում է մեծ ծախսերի, խիստ սննդակարգերի, բարդ մարզումների ու վճռական տրամադրվածության հետ, սակայն մասնագետները վստահ են, որ ճիշտ մոտեցման դեպքում նիհարելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Ավելին՝ մի քանի պարզ փոփոխությունը կենսակերպում թույլ կտա ազատվել ավելորդ քաշից անգամ քնած ժամանակ։
Սննդաբանները ներկայացրել են մի քանի պարզ սովորություն, որոնք թույլ կտան խթանել քաշի նվազման գործընթացն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից անգամ քնած ժամանակ։
Պրոտեինային կոկտեյլ խմել
Ընդունված է համարել, որ նիհարելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին ու չսնվել քնելուց առաջ։ Ավելին՝ շատերը վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար առհասարակ հարկավոր է հրաժարվել ընթրիքից, սակայն Ֆլորիդայի համալսարանի գիտնականների գիտափորձերը ցույց են տվել, որ քնելուց 30-60 րոպե առաջ 150 մլ սպիտակուցային կոկտեյլ խմող մասնակիցներն ավելի արագ էին ազատվում ավելորդ քաշից, քան այն մասնակիցները, որոնք քաղցած էին պառմում քնելու։ Բացի այդ, պրոտեինային կոկտեյլ խմողների մոտ ժամանակի ընթացքում արագանում է նյութափոխանակությունը, իսկ զարկերակային ճնշումը նվազում է։ Ընդ որում՝ մաշկային խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բուսական սպիտակուցներով կոկտեյլներին։
Ապահովել սենյակի մթությունը
Biological Rhythms գիտական ամսագրում հրապարակված զեկույցում գիտնականները ներկայացրել են, թե ինչպես է լույսն անդրադառնում քնի որակի ու քաշի վրա։ Պարզվել է, որ անգամ շատ թույլ լույսը կարող է խանգարել օրգանիզմի վերականգնմանը, ուստի քնելիս հարկավոր է ապահովել սենյակի լիարժեք մթությունը։ Սա կօգնի ավելի լավ հանգստանալ ու միաժամանակ կնպաստի ավելորդ քաշի նվազմանը։
Նախապես պլանավորել հաջորդ օրը
Առավոտյան մարդիկ հազվադեպ են բավական մոտիվացիա ունենում օրը պլանավորելու և առօրյա գործերին անցնելու համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրը նախապես պլանավորել։ Օրինակ՝ երեկոյան կարելի է պատրաստել հաջորդ օրվա ճաշն ու նախաճաշը, ինչը թույլ կտա հանգիստ քնել՝ իմանալով, որ հաջորդ օրվա աշխատանքի մի մասն արդեն արված է։ Ավելին՝ սա թույլ կտա առավոտյան ավելի մոտիվացված արթնանալ ու ուժ կտա օրվա մյուս բոլոր գործերն անելու համար։
Հետևել սենյակում օդի ջերմաստիճանին
Diabetes բժշկական ամսագրում ներկայացված գիտափորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ 19°C ջերմաստիճանի պայմաններում քնելու դեպքում մարդու օրգանիզմում շագանակագույն ճարպի պաշարներն ավելի մեծ են լինում, քան 23°C ջերմաստիճանի պայմաններում քնելու դեպքում, իսկ սա ճարպի այն տեսակն է, որը նպաստում է կալորիաների այրմանը։ Եթե ցածր ջերմաստիճանի պայմաններում քնելը չափազանց տհաճ է, ապա կարելի է տաք գուլպա հագնել։
Արթնանալ զարթուցիչի զանգի հետ
Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք ամեն օր արթնանում են նույն ժամին, ավելի քիչ են կշռում, քան այն կանայք, որոնք չեն հետևում այդ ռեժիմին։ Մասնագետների խոսքով՝ քաշի նվազեցման հարցում շատ կարևոր դեր են խաղում քնի որակն ու տևողությունը։ Հարկ է հիշել, որ լիարժեք վերականգնման համար օրգանիզմին հարկավոր է մոտ 8 ժամ։ Քնի անգամ չնչին դեֆիցիտը խթանում է ախորժակն ու նպաստում է քաշի ավելացմանը։
Նյութի աղբյուրը՝ med2.ru