Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իսկ սկսել է մտածել, թե ով է լինելու Երևանի քաղաքապետի իր թեկնածուն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանականները երկար ու բուռն քննարկումներից հետո կանգ են առել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության վրա:
«2021-ի ամռանը տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Տիգրան Ավինյանը, որ որևէ պաշտոնի չէր նշանակվել, ասես նեղսրտել ու մի կողմ էր քաշվել: Մտերմիկ շրջապատում անգամ ասել է, թե ցանկանում է լքել քաղաքականությունն ու բիզնես գործունեություն ծավալել, և եթե կհիշեք՝ ընտրություններից հետո տևական ժամանակ նա որևէ տեղ չէր երևում: Բայց պաշտոնը քաղցր է, ու ըստ երևույթին կարոտելով այն՝ Ավինյանն ընտրություններից որոշ ժամանակ անց սկսեց ակտիվություն դրսևորել, հանդիպումներ ունենալ կուսակցական ակտիվի հետ: Անգամ շրջանառվում էր, որ նա է լինելու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջին տեղակալը, բայց ինչ-որ պահից սկսած՝ Ավինյանը չի հաշտվել այդ մտքին ու հայտարարել, թե չի կարող Սարգսյանի ենթակայության ներքո աշխատել»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Մեզ փոխանցեցին, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ու նրան պաշտոնանկ անելու հարցում Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են եղել: Գործընթացը բարեհաջող ի կատար ածելուց հետո սակայն Փաշինյանի ու Ավինյանի ջրերը, չգիտես ինչու, սկսել են մի առվով չհոսել: «Այժմ սակայն հարաբերությունները կարծես թե հարթվել են, ու իշխանությունը Տիգրան Ավինյանի համար դեպի քաղաքապետի աթոռ կանաչ լույս է վառել»,- տեղեկացրին ArmLur.am-ին:
ՀՀ նախկին փոխվարչապետը «ջուրը չտեսած, արդեն բոբիկացել է» ու սկսել ակտիվ հանդիպումներ ունենալ Երևանի վարչական շրջանների բնակիչների հետ և քննարկումների անվան տակ քարոզարշավ իրականացնել:
Սևակ Վարդումյան