ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԸ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական եւ պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը եւ ժամանակացույցը: Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական եւ կենտրոնացված ավարտական եւ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետեւյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ)-10.06.2022 թ., «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ)-13.06.2022 թ., Ռուսաց լեզու (բանավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար՝ քննաշրջանի ընթացքում, Մայրենի լեզու եւ գրականություն (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար՝ քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած եւ ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետեւյալ առարկաներից՝

«Հայոց պատմություն» (բանավոր)-08.06.2022 թ., «Գրականություն» (բանավոր)- 13.06.2022 թ., Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր)-16.06.2022 թ., Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ)-23.06.2022 թ., «Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ)-28.06.2022 թ., «Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ)-30.06.2022 թ., «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում հունիսի 7-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում, «Ռուսաց լեզու» (բանավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար՝ քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար՝ քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական եւ կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած եւ ուսհաստատությունում գործածվող դասագրքերից եւ (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր)-08.06.2022 թ., «Հայոց պատմություն» (գրավոր)-15.06.2022 թ., «Մաթեմատիկա» (գրավոր)- 22.06.2022 թ., «Ռուսաց լեզու» (բանավոր), ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար՝ քննաշրջանի ընթացքում, «Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար՝ քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից եւ ուսհաստատությունում գործածվող դասագրքերից եւ (կամ) ձեռնարկներից:

Ավարտական եւ պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն: Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը եւ կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները եւ սոցիալական հեռավորությունը:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ՊԵՏՔ Է ԳՐԱՆՑՈՒՄ ՈՒՆԵՆԱՆ

Ի գիտություն Չինաստանի ժողովրդական Հանրապետություն ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաeu ներմուծման եւ արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող գործարարների` տեղեկացնում ենք, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակված՝ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 եւ «ՉԺՀ ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրամանները ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Ըստ վերոնշյալ հրամանների՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն ՉժՀ գլխավոր մաքսային վարչությունում եւ պահպանեն սննդամթերթի անվտանգության կանոնները՝ ըստ ներկայացված պահանջների։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է գործարարներին ծանոթանալ հրամաններում ներկայացված պահանջներին՝ արտահանման եւ ներմուծման ժամանակ խնդիրներից խուսափելու համար։

 

 

ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչեւ առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, եւ օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, եւ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ եւ դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետեւողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն եւ ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:

 




Լրահոս