Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է «Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի շուրջ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։
Ընտրությունը կատարվել է «Global Finance»-ի խմբագիրների կողմից` հաշվի առնելով կորպորատիվ ֆինանսական առաջնորդների, բանկիրների և վերլուծաբանների հետ ընդլայնված խորհրդակցությունները և հիմք ընդունելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ բանկերի ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։
«Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոյի խոսքով` ֆինանսական աշխարհում ընթացիկ իրարանցման պայմաններում կորպորատիվ առաջնորդները բանկային հարաբերությունների ընտրության հարցում բախվել են նոր մարտահրավերների։ «Մեր մրցանակներն օգնում են որոշում կայացնողներին ընտրելու լավագույն ֆինանսական գործընկերներին», – նշել Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն։
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Անչափ ուրախ ենք «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ Հայաստանի լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ։ Սա մեր ֆինանսական հզորության օբյեկտիվ և բարձր գնահատականն է, ինչն արտացոլված է վերջին մի քանի տարիներին ֆինասական շուկայում մեր ունեցած առաջատար դիրքով։
Առավել լայն համատեքստում սա արտաքին մարտահրավերներին դիմակայելու և շուկայի պահանջների շարունակական փոփոխություններին արձագանքելու մեր կարողության վկայությունն է։ Այն ապացուցում է, որ Բանկն իր զարգացման ճիշտ ուղու վրա է և մղում է բոլորիս դեպի շարունակական առաջընթաց` ի շահ մարդկանց, ում ծառայություն ենք մատուցում և որոնց հետ աշխատում ենք»։
Վերջին տասնամյակում Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի Լավագույն բանկ մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Մեկ ամիս առաջ նույն պարբերականի կողմից Ամերիաբանկը ճանաչվել էր նաև Հայաստանի լավագույն ներդրումային բանկը։