ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն չունի:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում, բացատրություն տալու նպատակով, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին է հրավիրվել Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակիչ, ով խոստովանել է, որ 2022թ. ապրիլի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարտունի խոշորացված համայնքի Գետափնյա փողոցում՝ իր ավտոմեքենայում, գումարային հարցի շուրրջ վիճաբանել է 55-ամյա տղամարդու հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներում, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է, որից հետո վերցնելով նրա հագուստի գրպանից հայտնաբերած գումարը՝ մարել է իր ունեցած պարտքը, իսկ դիակը տեղափոխել է համայնքի անտառամերձ տարածք և թողել ծառերի տակ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակչը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ թողել է 55-ամյա տղամարդու դին. կասկածյալի կողմից մատնանշված վայրում տուժողի դիակը հայտնաբերվել է՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկետիվ և բազմակողմանի հետազոտման և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: