Համաշխարհային մամուլը եւ իրավապաշտպան կազմակերպությունները լուսանկարներ եւ վկայություններ են հրապարակում Կիեւի հյուսիս-արեւելյան Բուչա քաղաքից, որը երեկ ուկրաինական բանակն ազատագրել է ռուսներից։ Human Rights Watch-ը հայտարարել է, որ ռազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքել։ Բուչայի փողոցներում տասնյակ դիակներ են հայտնաբերվել, որոնց ենթադրաբար գնդակահարել են ռուս զինվորականները հեռանալուց առաջ։ Քաղաքում ընդհանուր առմամբ 300 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնց հուղարկավորել են եղբայրական գերեզմաններում։
Ռուսաստանը կտրականապես հերքում է ուկրաինական Բուչայում մարդկանց մահվան հետ կապված ցանկացած մեղադրանք. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը (ՌԻԱ Նովոստի)։
«Ավելին, մենք կարծում ենք, որ այս թեման պետք է քննարկվի, պետք է քննարկվի ամենաբարձր մակարդակով, ուստի եղել է նախաձեռնություն՝ քննարկելու այս թեման, մեր նախաձեռնությունը՝ քննարկելու թեման Անվտանգության խորհրդում, գիտենք, որ այս նախաձեռնությունը արգելափակվել է»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Նման իրավիճակի մասին է հաղորդվում նաեւ այլ քաղաքներում, որոնք հայտնվել են ռուսական օկուպացիայի տակ։ Բնակչության թալանի, բռնությունների, դեպորտացիայի տեղեկությունները ստուգվում են։ Ուկրաինայում բլից-կրիգի տապալումից ու խոշոր կորուստներից հետո ռուսական բանակն անցել է քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծմանը, որոնց զոհ են գնացել հազարավոր բնակիչներ, այդ թվում՝ 150-ից ավելի երեխաներ։ Փախստականների թիվն անցնում է 4 միլիոնից։ Մի շարք քաղաքներ գրեթե հողին են հավասարացվել։
Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վրաստանը Ռուսաստանի Դաշնությանը տրամադրում է իր տարածքը ռազմական տեխնիկայի եւ պահեստամասերի մաքսանենգության համար. հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Formula հեռուստաալիքի եթերում։
«Մեր գլխավոր հետախուզական վարչությունը հրապարակավ հայտարարել եւ մեղադրել է Ռուսաստանին եւ Վրաստանին մեր թիկունքում մաքսանենգության ալիք բացելու շուրջ բանակցություններ վարելու մեջ։ Մենք չենք խոսում մակարոնեղենի կամ հնդկաձավարի մասին, մենք խոսում ենք ռազմական տեխնիկայի, ռազմական պահեստամասերի մասին»,- ասել է Վերեշչուկը։ Նա հորդորել է վրացական հանրությանը թույլ չտալ պայմանավորվածությունը եւ հիշեցնել ներկայիս կառավարությանը Մոսկվայի հետ սիրախաղի հետեւանքների մասին:
«Ինչո՞ւ եք դա թույլ տալիս ձեր վարչապետին, ձեր կառավարությանը, որ, ցավոք, չի հասկանում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում, եթե մենք այսօր չկանգնեցնենք Ռուսաստանին եւ Պուտինին։ Խոսակցությունները, որ մենք չեզոք ենք, չենք միանա պատժամիջոցներին, բացենք օդային հաղորդակցությունը, տեղին չեն։ 2008 թվականին դա ձեզ չփրկեց պատերազմից»,- ընդգծել է Վերեշչուկը։
«Եթե մեզ չօգնեք, ոչինչ չի ստացվի։ Մենք ձեզ կոչ չենք անում կռվել մեզ հետ, մեզ զենք տալ։ Պարզապես թույլ մի՛ տվեք, որ Վրաստանով մաքսանենգ զենք տեղափոխեն։ Այս փոքրիկ քայլով օգնեք դադարեցնել պատերազմը»,- ասել է Վերեշչուկը։ Բալթյան երկու հանրապետությունները՝ Լիտվան եւ Լատվիան, արտաքսում են իրենց երկրներում հավատարմագրված Ռուսաստանի դեսպաններին՝ Ուկրաինա ներխուժմանն ու Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին ի պատասխան։ Պաշտոնական Վիլնյուսի կայացրած որոշման մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ հավելելով, որ որոշում է կայացվել Կլայպեդայում գործող ռուսաստանյան հյուպատոսարանի փակման մասին։ Լատվիան եւս հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման եւ Մոսկվայից դեսպանի հետկանչի մասին։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
0-ԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԻ ՊԱՀԱՆՋՎԻ
Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաեւ ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլեւս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ ոստիկանությանը փոխանցվում են փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից էլեկտրոնային եղանակով։
ՆՈՐ ՓԱԹԵԹ՝ ԸՆԴԴԵՄ ՌԴ-Ի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում կատարվածին ի պատասխան պետք է սահմանել նոր (հակառուսական) պատժամիջոցներ: Մակրոնն ասել է, որ այսօր կան հստակ ապացույցներ, որ Ուկրաինայում կատարվել են պատերազմական հանցագործություններ: «Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների եւ շատ հստակ միջոցների նոր փաթեթ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մանրամասնելով, որ նոր պատժամիջոցները պետք է թիրախավորեն ածխի եւ վառելիքի ոլորտները: Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով եւ խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։
ԱՇԽԱՐՀԸ ԼՈՒՌ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ
Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտարարել է ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն: «Հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռեւս իրենց տանից հեռու են ապրում, իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը»,-հայտնել է Բյուսոն: Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն իր հերթին այս գրառման առնչությամբ հիշեցրել է, որ 2020 թվականի լայնածավալ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ, թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի եւ անօդաչուների միջոցով կոտորածի է ենթարկել Արցախի հայերին: «Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին, իսկ աշխարհը լուռ հետեւում է առանց որեւէ բան անելու: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերության մթնոլորտում»,-գրել է Բուայեն:
ՊՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա նշել է, որ Եվրամիության հետագա պատժամիջոցներն Ռուսաստանին ու աջակցությունն Ուկրաինային ճանապարհին են: Իր հերթին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ուղղված տեխնոլոգիական ոլորտի օպերատորներին, որպեսզի թույլ չտա Մոսկվային խուսափել պատժամիջոցներից եւ ընդլայնի Վաշինգտոնի պատժամիջոցների լիազորությունները: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել 21 կազմակերպությունների եւ 13 անձանց նկատմամբ, այդ թվում՝ «Միկրոն» բաժնետիրական ընկերության դեմ, որը միկրոէլեկտրոնիկայի ռուսական խոշորագույն արտադրողն ու արտահանողն է եւ Ռուսաստանի խոշորագույն միկրոսխեմաներ արտադրողը: Ֆինանսների նախարարությունը նաեւ ընդլայնել է պատժամիջոցների լիազորությունները՝ ներառելով ռուսական տնտեսության օդատիեզերական, ծովային եւ էլեկտրոնային ոլորտները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի հանդեպ ռազմական գործողություններ է սկսել փետրվարի 24-ին, եւ պատերազմը մինչեւ օրս շարունակվում է:
8,19 ԳՐԱՄ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սաիդ Շահքամանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ-ում քրեական գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 328,7 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց եւ զգալի չափերի՝ ընդհանուր 8,19 գրամ Մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ հիշյալ թմրամիջոցներն իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել ՀՀ:
ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: