Դիլիջանի բնակիչ Անահիտ Ամիրխանյանի եւ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջեւ 2018թ. սեպտեմբերի 17-ից անորոշ ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա աշխատանքի է ընդունվել որպես էկոկրթության մասնագետ եւ հանրային կապերի պատասխանատու։ Ա. Ամիրխանյանն իր աշխատանքային պարտականությունները կատարել է բարեխղճորեն եւ երբեւիցե խնդիրներ չի ունեցել ազգային պարկի ղեկավարության հետ, սակայն ազգային պարկի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ադամ Պողոսյանի հետ, հավանաբար, Ա. Ամիրխանյանի կողմից իշխանության նկատմամբ քննադատական վերաբերմունքի, նրա քաղաքական հայացքների պատճառով հարաբերությունները լարվել են։
2021թ. մարտի 17-ին Ա. Ամիրխանյանը ազգային պարկի տնօրենի ԺՊ Ա. Պողոսյանի կողմից գրավոր ծանուցվել է, որ իր հաստիքի կրճատման պատճառով 2021թ. մայիսի 17-ից լուծվելու է կողմերի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը։ 2021թ. մարտի 23-ին Ա. Ամիրխանյանը դիմում է ուղարկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սիմոնյանին, հայտնել, որ 2021թ. մարտի 10-ին կայացած կառավարման խորհրդի նիստում է որոշվել կրճատել իր հաստիքը եւ հարցադրումներ է արել, թե ինչ հիմքով է կրճատվել մամուլի խոսնակի իր հաստիքը, այդ դեպքում ինչու արդյոք իրեն այլ աշխատանքի փոխադրման առաջարկ չի արվել, կառավարման խորհրդի նախագահը տեղյակ է արդյոք, որ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ, որոնք, ըստ պաշտոնի անձնագրերի, չեն համապատասխանում իրենց հաստիքներին, շարունակում են աշխատանքը, իսկ իրեն բարձրագույն կրթության առկայության պարագայում հնարավորություն չի տրվում աշխատել այլ պաշտոնում։
Դրանից հետո դեպքերը սրընթաց զարգացել են։ ՊՈԱԿ-ի ԺՊ Ա. Պողոսյանը նույն օրը՝ մարտի 23-ին, հրաման է արձակել, որով Ա. Ամիրխանյանը 2021թ. մարտի 24-ին ազատվել է աշխատանքից, եւ նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է։ Որպես այդ հրամանի հիմք՝ նշվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը եւ 115 հոդվածի 2-րդ մասը։ Ա. Ամիրխանյանի ներկայացուցիչ Մարատ Ատովմյանը 2021թ. մայիսի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումարի բռագանձման պահանջներով։
2022թ. մարտի 24-ին դատավոր Նանա Դալլաքյանը վճռել է քաղաքացիական հայցը բավարարել մասնակի, անվավեր ճանաչել Ա. Ամիրխանյանին աշխատանքից ազատելու մասին 2021թ. մարտ 23-ի հրամանը, Ա. Ամիրխանյանի հայցը՝ ընդդեմ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու, իսկ անհնարինության դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելու պահանջի մասին, մերժել, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Ամիրխանյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2021թ. մարտի 24-ից մինչեւ դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, Ա. Ամիրխանյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Ամիրխանյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով գումար եւ 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել կրիմինալ պատմություններով, գաղտնիք չէ ոչ ոքի: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս անգամ, սակայն, իրավապահները կանգնել են փաստի առաջ եւ մտահոգված են, որ առաջիկայում Սյունիքում վենդետան անխուսափելի է լինելու: Իսկ ի՞նչ է կատարվում:
Ինչպե՞ս են զարգացել դեպքերը: Գորիսում ամիսներ առաջ ծեծում են քաղաքապետ Առուշ Առուշանյանի քրոջ որդուն: Ծեծողներից մեկն էլ լինում է Վարդան Ա-Ն: Իրավապահները Վարդան Ա-ին մեղադրանք են առաջադրում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Այս դեպքից հետո Առուշ Առուշանյանի հարազատները անպատասխան չեն թողնում, եւ ամիսներ անց Առուշ Առուշանյանի բարեկամներից Արտակ Ճաղարյանը որոշում է վրեժխնդիր լինել Վարդան Ա-ից եւ կրակում է նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Ու մինչ իրավապահները ձերբակալում, ապա ավելի ուշ կալանավորում են Վարդան Ա-ին եւ փորձում են զսպել Առուշ Առուշանյանի հարազատների գործողությունները, Սյունիքի վենդետաների շարքը հասնում է Երեւան: Հունվարի 26-ին գույքի դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունենում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվում Արմեն Ղ-ից, ով հայտնում է, որ Նորագավիթի արագաչափի հարեւանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։ Ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված ասֆալտահարթիչը: Նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։
Ու մինչ այս դեպքերով իրավապահները ձերբակալում ու կալանավորում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, դատարանի որոշմամբ, այս դեպքերի հիմնական դերակատարներից մեկը՝ Վարդան Ա-ն, առաջիկայում ազատ կարձակվի, քանի որ դատարանը նրա կալանքի երկարացման միջնորդությունը չի բավարարել: Այս իրավիճակն էլ խիստ մտահոգել է իրավապահներին. եթե դատարանը ազատ է արձակում այս անձանց, մարզում վենդետան անխուսափելի է լինելու: Եվ, ահա, ArmLur.am-ի հետ զրույցում կալանքից ազատված Վարդան Աբրահամյանի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը հայտնեց, որ կասկածներ ունի՝ իրավապահները փրկում են Առուշ Առուշանյանի հարազատներին. վենդետայից ավելի վատ բան է լինելու, Վարդան Աբրահամյանին մեքենաներ են հետապնդում»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա. իրավապահ մարմիններն ունեն հաստատված տվյալներ, որ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ Խնդրով սկսել է զբաղվել Շիրակի մարզի դատախազությունը։ «Կատարվել են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաեւ ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երեւանում հնչած կրակոցներից: Մասնավորապես, վարորդը, որի մեքենայի վրա եւս կրակոցի հետքեր են եղել, իրավապահներին հայտնել է, որ երեկոյան լսել է մեկ կրակոցի ձայն: Առավոտյան, երբ արթնացել է ու գնացել է աշխատանքի, տեսել է, որ մեքենայի վրա կրակոցի հետք կա: Ըստ մեքենայի վարորդի՝ ինքը որեւէ մեկի հետ խնդիր չունի եւ չի էլ կարող պատկերացնել, թե ով կամ ովքեր են կրակոց արձակել, ինչի թիրախում էլ հայտնվել է իր մեքենան: Shamshyan.com-ը գրել էր, որ ապրիլի 6-ին կրակոց էր հնչել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռեւս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաեւ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։