Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում կիրակի օրը բացվել են ընտրատեղամասերը, որտեղ ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ և վճռորոշ փուլը։

Նախագահ Էմանուել Մակրոնը և ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը երկրորդ փուլում պայքարում են երկրորդ անգամ անընդմեջ։ 2017 թվականին Լը Պենը պարտվել է Մակրոնին։

Ֆրանսիական համայնքների մեծ մասում ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ն, իսկ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցցայում, Բորդոյում, Թուլուզում և այլն, տեղամասերը կփակվեն մեկ ժամ ուշ:

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ համընդհանուր ուղղակի գաղտնի քվեարկությամբ։ Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 49 մլն ընտրող։ Քվեարկությունն ընթանում է երկու փուլով, առաջինն անցկացվել է ապրիլի 10-ին, որին մասնակցել է 12 թեկնածու։

Ֆրանսիայի կառավարության կաբինետի խոսնակ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակի ապրիլի 27-ին կամ 28-ին։

Երկրի ներկայիս ղեկավարի մանդատը լրանում է մայիսի 14-ին։

Ֆրանսիայի նոր նախագահի երդմնակալությունը սպասվում է վերջնական արդյունքների հրապարակումից հետո։




Լրահոս