Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապրիլի 27-ի լուսադեմին իրացրել են առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած տեղեկությունները՝ համագործակցելով Կենտրոնականի բաժնի գործընկերների հետ։ Արդյունքում Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու:
«Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի լույս 1-ի գիշերը Արամի փողոցի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի հարակից տարածքում 32-ամյա տղամարդը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենից 5 անգամ կրակել էր «Range Rover» մակնիշի մեքենայում նստած երկու քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ նրանք մեքենայով դիմել էին փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ և այլն։
Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: 32-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ:
Նրան հայտնաբերելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից, սպանության փորձի, ապօրինի կերպով զենք կրելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։