ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալնել, որ նախկին եւ ներկա մի խումբ զինծառայողներ, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից, այդ կապակցությամբ երրորդ երկրում նախապես որոշված վայրում ներկայացնելով իրենց գրավոր համաձայնությունը եւ ստանալով համապատասխան ծածկանուն, մինչեւ 44-օրյա պատերազմի սկսվելը բջջային կապին համակցված ինտերնետային հավելվածների կամ սոցիալական կայքերում գրանցված իրենց անհատական էջերի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով հավաքել եւ վերջիններին են հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Ընդ որում, զինծառայողներից ոմանք հստակ տեղեկություններ են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը սկսվելու կոնկրետ օրվա մասին եւ այդ ընթացքում ակտիվ կապի մեջ գտնվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ վերջինների առաջադրանքով հավաքել եւ նրանց են հանձնել տարբեր զորամիավորումների, զինապահեստների, զինատեսակների, հրամանատարական կետի, շտաբի գտնվելու վայրերի, տարբեր մարտական դիրքերի կոորդինատների, սպառազինության, կոնկրետ զինտեխնիկայի տեղակայման եւ դասավորվածության, զորամասերի կազմում ընդգրկված ստորաբաժանումների սպառազինության, դրանց տեղեկայման վայրերի, անվանումների, զորամասի համարի, նախկին անվանման, զորամասերի միացման, զորամասերի մարտական խնդիրների իրականացման տեսակների վերաբերյալ պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝ դրանց տեղանքը պատկերող լուսանկարներ՝ դավաճանական գործողությունների դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր անձանց անուններով առձեռն ու բանկային փոխանցումների միջոցով որպես վարձատրություն պարբերաբար ստանալով տարբեր չափերի գումարներ: Հիշյալ քաղաքացիների կողմից վարձատրության դիմաց պետական դավաճանություն կատարելու հետեւանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ուժերի եւ միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի եւ միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, որպիսի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի վերսկսման հենց առաջին օրվանից հակառակորդը հրթիռահրետանային եւ ԱԹՍ միջոցներով դիպուկ հարվածներ է հասցրել շտաբին, N միավորումների եւ N զորամասերի կառավարման համակարգին, N միավորումների եւ N զորամասերի մշտական տեղակայման վայրերին, հրթիռահրետանային սպառազինության պահեստներին, ՀՕՊ առանձին համակարգին եւ այլ ռազմական ու տնտեսական օբյեկտներին, որը հանգեցրել է մարդկային եւ սպառազինության մեծ քանակությամբ կորուստների: Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու եւ դրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել ընդհանուր թվով 42 անձանց նկատմամբ, որոնցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2022 թվականի ապրիլի 15-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ընդհանուր 8 անձանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթում, եւ նրանց վերաբերյալ քրեական գործի մասը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ լրտեսական ցանցում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, ինչպես նաեւ օտարերկրյա հետախուզության գործունեությունը զինված ուժերում չեզոքացնելու ուղղությամբ։
Ն. Պ.
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՄԱՐԴ Է ԾԵԾԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ղազար Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփարի համայնքապետի աշխատասենյակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ այլ բռնի գործողություններ է կատարել նույն համայնքի բնակիչ Վարդան Օնիկի Բաբայանի նկատմամբ եւ ծեծել է նրան: Գործողություններն արտահայտվել են այսպես.
2021թ. մարտին Վարդան Բաբայանը նույն համայնքում գտնվող իր հողամասում խմելու ջրագիծ անցկացնելու համար դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Մասիս առեւտրային տեղամաս, որտեղից վերջինիս տեղեկացրել են, որ դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ համայնքապետարանից տրված, հողամասի տեղանքի հատակագիծը։ Նշված փաստաթուղթը ստանալու համար Վարդան Բաբայանը 2021թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, գնացել է Խաչփարի համայնքապետարան եւ համայնքապետ Ղազար Մարտիրոսյանին հայտնել այդ մասին։ Քանի որ վերջիններս արդեն տեւական ժամանակ գտնվել են կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, ինչի արդյունքում նրանց միջեւ ձեւավորվել է նաեւ փոխադարձ հակակրանք եւ լարվածություն, ուստի Վարդան Բաբայանի առաջարկը լսելուց հետո Ղազար Մարտիրոսյանը մերժել է տրամադրել տեղանքի հատակագիծը՝ պատճառաբանելով, որ նման փաստաթուղթ տրամադրելու իրավասություն չունի, ապա պարզաբանել է, որ հարկ եղած դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն այդ հարցով կդիմի իրեն։
Վարդան Բաբայանին մերժելուց հետո Ղազար Մարտիրոսյանը պահանջել է, որ վերջինս հեռանա իր աշխատասենյակից, ապա այլ բռնի գործողություններ է կատարել Վարդան Բաբայանի նկատմամբ, այն է՝ դիտավորությամբ բռնել է վերջինիս ձախ ձեռքից ու ֆիզիկական ուժի գործադրմամբ 1-2 մետր քաշել է դեպի մուտքի դուռը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Տեղի ունեցած լարված խոսակցության եւ քաշքշուկի արդյունքում Վարդան Բաբայանի եւ Ղազար Մարտիրոսյանի միջեւ առաջացել է վիճաբանություն, ապա փոխադարձ կռիվ՝ ֆիզիկական ընդհարում, որի ընթացքում Ղազար Մարտիրոսյանը ծեծել է Վարդան Բաբայանին, այն է՝ դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Գործը դատարանում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ԾԵԾԵԼ Է ՏՂԱՅԻՆ
Տավուշի մարզի Բերդավան գյուղում հաշվառված, 1978թ. ծնված, թերի միջնակարգ կրթությամբ, ամուսնալուծված Ավագ Քարիմյանը 2020թ. օգոստոս ամսից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվում Կողբ գյուղի բնակչուհի Կարինե Աբովյանի հետ, բնակվում է նրան տանը 2009 թվականին ծնված նրա որդու հետ։ Կ. Աբովյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը միայնակ է դաստիրարակել որդուն, Ավագ Քարիմյանին խնդրել է իրեն օգնել տղայի դաստիարակության գործում։
Ա. Քարիմյանը կատարել է մասնավոր աշխատանքներ, հոգացել կնոջ եւ տղայի հոգսերը։ 2022թ. հունվարի 17-ին Ա. Քարիմյանը կնոջ՝ Կ. Աբովյանի հետ մասնակցել է ընկերոջ ծննդյան արարողությանը, ոգելից խմիչք օգտագործել, ժամը 22:00-ի սահմաններում տուն վերադարձել եւ վիճաբանության մեջ մտել տղայի հետ։ Նա երեխային հարցրել է՝ դասերը սովորե՞լ է, թե՝ ոչ, վերջինս ասել է, որ գրավոր առաջադրանքները գրել է, սակայն դասերը չի հասցրել սովորել։ Վիճաբանությանը միջամտել է երեխայի մայրը, պաշտպանել որդուն, փորձել հանգստացնել Ա. Քարիմյանին, սակայն վերջինս, կորցնելով ինքնակառավարումը, քաշքշել է տղային, ապա 3-4 անգամ ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տղայի պարանոցի եւ դեմքի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ առողջության թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող՝ աջ այտային շրջանի քերծվածքի, պարանոցի վերին երրորդականի, հետին աջ կողմնային մակերեսի, ստորին ծնոտի կզակի ձախ կեսի արյունազեղումների ձեւով մարմնական վնասվածքներ։
Կ. Աբովյանը որդուն պաշտպանելու նպատակով հրել է Ա. Քարիմյանին, որից վերջինս կորցրել է հավասարակշռությունը, հետ է ընկել, նստել բազմոցին, որի ընթացքում Կ. Աբովյանը որդու հետ դուրս է եկել տանից։ Որդու դասընկերոջ տնից Կ. Աբովյանը զանգահարել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ կատարվածի մասին հաղորդում տվել։ Ա. Քարիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2022թ. ապրիլի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացած դատաքննության ավարտին դատավոր Սամվել Մարդանյանը Ա. Քարիմյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա խոստովանել է իր մեղքը եւ անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, բնութագրվում է դրականորեն, հաշտվել է տուժողի հետ, տուժող տղան եւ նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, դատարանին խնդրել են նրան մեղմ վերաբերվել։ Դատավորը վճռել է Ա. Քարիմյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ նրան դատապարտել տուգանքի՝ 50 հազար դրամի չափով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ