20 ՄԼՆ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ՝ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտադրական կանեփի արտադրության լիցենզավորման պահանջները խախտելու համար կնշանակվի մեծ տուգանք: Ըստ Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելու համար կնշանակվի տուգանք՝ 5 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամի չափով:

 

Նշենք, որ Հայաստանում արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առեւտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ: Բացի այս, արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելու համար տուգանքի չափը կկազմի 10 մլն դրամ:

Ավելին, արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առեւտուրը քվոտավորվում են, իսկ քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելու համար կնշանակվի 20 մլն դրամի չափով տուգանք:

Սա դեռ ամենը չէ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելու համար եւս տուգանք կնշանակվի. խոսքը 10 մլն դրամ տուգանքի մասին է: Մեզ հայտնի դարձավ, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելու կամ օրինական պահանջները չկատարելու համար տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռեւս նախորդ տարվա կառավարության փետրվարի 4-ի իր նիստում հաստատել էր 2021 թվականի «Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների պլանը»։ Դրանով նաեւ նախատեսված է արտադրական կանեփի աճեցման թույլտվություն, որն, իբր, կոչված էր մեղմելու կորոնավիրուսի եւ պատերազմի բերած տնտեսական հետեւանքները։ Կհաջողվի արդյոք՝ ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ նկատենք, որ Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը ոգեւորել է ֆերմերներին: Պարզվում է՝ կանեփի արտադրությամբ հետաքրքրվել են նրանք, որոնք նախկինում այդ գործունեությամբ զբաղվել են արտերկրում: Ըստ գործադրի՝ Հայաստանում տեխնիկական կանեփի մշակության հիմնական նպատակը դրանից թել ստանալն է: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ կանեփի հումքը հնարավոր է օգտագործել նաեւ տեքստիլ արդյունաբերության մեջ եւ ներկեր, թուղթ նաեւ բժշկության մեջ կիրառվող յուղեր եւ կոսմետիկ միջոցներ ստանալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս