ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ահազանգ է ստացվել՝ Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը: Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանը կոտրված ճյուղեր հավաքելիս, նկատել է, որ գետը երեխային բերել եւ դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել է գետ եւ երեխային դուրս բերել, ապա ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնրդում եմ ասել, թե ծննդի պետական գրանցման հիմքերը որոնք են:

Իրինա Կիրակոսյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գրանցման հիմքներ են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթը,

2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը,

3) երեխայի ծննդյան փաստը հաստատող, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը,

4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը,

5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից՝ բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից եւ այլն:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:

Հրանուշ Հարությունյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի եւ նրա կենսապայմանների ուսումնասիրություն, եւ կազմվում է համապատասխան ակտ:

Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձեւավորվում է ՀՀ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների եւ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն եւ գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին։

Երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը եւ դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր։




Լրահոս