ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՉՊԱՀՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները, հուսանք, կպարզվեն համակողմանի ու արդարադատ քննությամբ, չնայած պարզ է՝ ինչ դատ ու դատաստան էլ լինի, հարազատների մորմոքի համար այն բալասան չի լինի: Վթարի ենթարկվելու պահին (դատելով համացանցում տարածված տեսանյութերից) լուսահոգի կինը շփոթվում է, չի կողնորոշվում՝ ինչ անել, ու ողբերգական վթարի զոհ է դառնում: Ինչպե՞ս են աշխատել ոստիկանները, ինչպե՞ս ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կամ ի՞նչ ազդանշան են տվել այդ պահին փողոցում կամ մայթերին գտնվող անցորդներին. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենաշատն են հուզում միջադեպից ցնցված հասարակության մտածող հատվածին: Իրավապաշտպանների մեծ մասը, օրինակ, հույս չունի, թե արդար քննություն կիրականացվի, ու կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները: Դատողությունն ինչ-որ առումով գուցե արդարացի է, քանզի 2018-ին նաեւ ոստիկանական համակարգում փոփոխություններ խոստացող «հեղափոխականներն» այժմ բռնություն են կիրառում խաղաղ ակցիա իրականացող ցուցարարների վրա ու, փաստորեն, հանուն կառավարական «կորտեժի» անարգել երթեւեկի՝ վթարի ենթարկում երիտասարդ հղի կնոջ: 2018-ից հետո ոստիկանական համակարգի միակ փոփոխությունը «պարեկների» ինստիտուտի ներդրումն է, որ ինչքան էլ մերօրյա իշխանավորները փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել, միեւնույնն է, չի ստացվում ու չի ստացվելու, քանզի երկրում կարգ ու կանոն, օրենք չի կարող պահպանել մեկը, որ երբեմն անգամ միջնակարգ կրթություն չունի, էլ չասած ֆիզիկական բավարար կարողություններ, շփվելու տակտ ու էթիկա չունենալու մասին:

 

 

 

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ կգործեն: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններ են կատարվելու Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը եւ ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ եւ առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, եւ այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոչ ոք չի կանգնել։

 

 

Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունն առաջարկում է սահմանել տեղեկատվական նշաններ, որոնց ազդման գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը: Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը հանրային քննարկման դրվեց երեկ՝ ապրիլի 26-ին, երբ Երեւանի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Չի բացառվում, որ գործադրին երեկվա դեպքն է սթափեցրել նման նախագիծ մշակելու: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Երեւանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների եւ թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջեւ առաջանում են կոնֆլիկտային կետեր։ Չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի՝ առավելություն է տրվում հետիոտնի երթեւեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը: Եւ այս խնդիրը հնարավոր է լուծել՝ հասնելով համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները։

 

 




Լրահոս