«ԱՊՐԻՐ ԻՆՁ ՀԵՏ». ՆՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով հեռուստաէկրանին կհայտնվի նոր հեռուստասերիալ՝  «Ապրիր ինձ հետ». այն բաղկացած է լինելու 24 մասից: Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է սցենարային աշխատանքների, թեմատիկայի եւ այլ հետաքրքիր մանրամասների մասին: Այն հեռարձակվելու է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով:

 

«Սա իմ եւ պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանի թիմի երկրորդ համատեղ աշխատանքն է։ «Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի հաջողությունից հետո պարզ էր, որ պետք է շարունակենք միասին աշխատել։ Սերգեյն առաջարկեց այնպիսի թեմա ընտրել, որին դեռ չեն անդրադարձել, կամ չեն արել այնպես, ինչպես միայն մենք կարող ենք։ Ուզում էինք այնպիսի նախագիծ անել, որ ե՛ւ հուզիչ լինի, ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ ասելիքով նոր: Արդյունքում ծնվեց նոր դրաման: Թեման առաջարկեցի Սերգեյին, եւ սկսեցինք աշխատել»,- նշեց սցենարիստը:

«Ապրիր ինձ հետ» նախագիծը պատմություն է կյանքը սիրելու, կյանքը նախընտրելու, կյանքի եւ մահվան ճամփաբաժնի մահվան սահմանագծին հայտնված մարդու մասին. «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է ստացվել: Սցենարի վրա աշխատել եմ ավելի քան հինգ ամիս: Գուցե շատ դրամատիկ է հնչում, ծանր, բայց միեւնույն ժամանակ հեռուստադիտողին սպասվում է տեղ-տեղ ուրախ, տեղ-տեղ հուզիչ, հումորով համեմված պատմություն կյանքը սիրելու, ամեն րոպեն գնահատելու մասին»։

«Դերասաններից մեծ մասի հետ աշխատել եմ տարբեր նախագծերի շրջանակում։ Ուրախ եմ Անի Խաչիկյանի հետ առաջին համագործակցությանս համար։ Հրաշալի դերասանուհի է, տաղանդավոր մարդ, որի հետ մի քանի բառ խոսեցինք սցենարի վերաբերյալ, ու հասկացա, թե որքան խորքային է տեսնում կերպարը, եւ ինչ հետաքրքիր շերտեր է գտել իր կերպարի մեջ»,-նշել է սցենարիստը:

Խոսելով սցենարի մասին՝ ասել է, որ Անի Խաչիկյանի եւ Հայկ Հովհաննիսյանի մարմնավորած կերպարները հանդիպում են ճակատագրական պատահականության շնորհիվ, ինչից հետո կյանքն ամեն անգամ նրանց կրկին իրար առաջ է կանգնեցնում. «Սա պատմություն է դիմացինի կյանքը փոխելու, նրա ներքին ապրումները վերհանելու ու նրա մեջ կյանք արթնացնելու մասին։ Կլինեն սիրային մի քանի սյուժետային զարգացումներ, բայց առանցքը կյանքը գնահատելու մասին է»։

Նախագծի ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, օպերատորը՝ Վարդան Ուռումյանը: Դերասանական կազմում են Անի Խաչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Զիրոյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը եւ այլք:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը (ծնունդով Լիբանանից է, ապրում է Մադրիդում, Մադրիդի Թագավորական օպերայի առաջին ջութակն է) իսպանական «CuatroTV»-ի «Planeta Calleja» հաղորդման հեղինակ եւ վարող Խեսուս Կայեխայի ու ծրագրի անձնակազմի հետ այցելել է Հայաստան, որտեղ բացահայտել են մեր երկրի գեղեցկությունը։ Այս մասին տեղեկանում ենք հայտնի ջութակահարի Instagram-յան էջում արված հրապարակումից։

 

Արա Մալիկյանը հայաստանյան սարերից մեկի բարձունքում անգամ ջութակ է նվագել։ Ինչպես հայտնի է դառնում կադրերից, թիմն այցելել է նաեւ Գառնու հեթանոսական տաճար, հիացել է Քարերի սիմֆոնիայի («Բազալտե երգեհոն») անկրկնելի գեղեցկությամբ։

«Վաղը բաց չթողնեք «Պլանետա Կայեխա» հաղորդման եթերը։ Մեզ տարան Հայաստան։ Բացահայտեցինք պապերիս երկրի գեղեցկությունը», – հրապարակմանը կից գրել է Արա Մալիկյանը։

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, ֆուտբոլային հեռուստավերլուծաբան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 4։3 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ «Խելահեղ ու սենսացիոն խաղ էր, որը եռում էր եւ լի էր իրադարձություններով։ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցը Պանենկայի ոճով անհավանական էր։ «Մանչեսթեր Սիթիում» այս հաշիվը չեն համարի դրական, իսկ «Ռեալը» կոգեշնչվի բաց թողած երկու գոլից հետո այս արդյունքով։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ եզրափակիչ դուրս կգա մանչեսթերյան թիմը»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է BT Sport-ը։ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին։

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ

Հայաստանի թիավարները մայիսի 18-19-ին Իտալիայի Սաբաուդա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը. հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Ակադեմիական թիավարության հայ պատվիրակները  կգործուղվեն միջազգային երկու մրցաշարերի: Նրանց Մոսկվան կհուրընկալի հունիսին, իսկ երկրորդ միջոցառման մրցավայրը դեռ հայտնի չէ: Չորս թիավար էլ Հայաստանը կներկայացնի  հուլիսի 28-31-ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվելիք մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

 

 

 

3։4 ՀԱՇԻՎ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած 3։4 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Վինիսիուսը խաղադաշտի կենտրոնից սկսած անհավանական անցումով մտել էր մանչեսթերյան թիմի տուգանային հրապարակ եւ գրավել դարպասը՝ հաշիվը դարձնելով 3։2։ «Խաղացինք հրաշալի թիմի դեմ, որն ունի գերազանց մարզիչ։ Մանչեսթերում միշտ էլ բարդ է խաղալը։ Պետք է հանգստություն պահպանել պատասխան խաղում։ Պետք է բարելավել խաղի որոշ բաղադրիչներ։ Մեկնարկում պետք է ուշադիր լինել եւ թույլ չտալ արագ գոլեր։ Մենք ուրախ չենք պարտությանը, բայց սեփական ստադիոնում մեր երկրպագուները շատ են մեզ օգնում։ Հաջորդ խաղը բացառություն չի լինի»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին։

 




Լրահոս