Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կներառեն միջոցներ ռուսական նավթի մատակարարումների դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Վստահ եմ, որ ԵՄ խորհուրդն անխուսափելիորեն կկիրառի հետագա պատժամիջոցներ, հատկապես՝ ռուսական նավթի նկատմամբ», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է լողացող LNG տերմինալի կառուցման աշխատանքների մեկնարկի պատեհությունը, քանի որ, ըստ նրա, դա կօգնի Եվրոպային «դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ամրապնդել էներգետիկ ենթակառուցվածքները և աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական հանածո վառելիքից»։