Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ առ այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցի, հետո արդեն 44-օրյա պատերազմի մասին խիստ հակասական հայտարարություններ է արել ու խաբել ժողովրդին։ Պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը քաղաքացիներին բացատրում էր, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ:

«Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»,- 2018-ի օգոստոսի 17-ին ասում էր նա։
Իշխանափոխությունից ուղիղ երկու տարի անց՝ արդեն 2020-ի մայիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնայնությամբ բարձրաձայնում էր. «Թող ոչ մեկ մեզ չասի՝ «Հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»։

Իհարկե, մինչեւ այսօր ո՛չ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների», ո՛չ խորհրդարանական ընդդիմության համար պարզ չէ, թե, ի վերջո, Իլհամ Ալիեւի հետ ինչ է բանակցել «Արցախը Հայաստան է, ու վե՛րջ» ասող Փաշինյանը։ Փաստն այն է, որ բանակցության տապալումը կամ դրա դադարը հանգեցրեց պատերազմի, ինչի մասին Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունները հասարակության համար ասես սառը ցնցուղ լիներ։

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի». սա նրա՝ ապրիլի 13-ին արած հայտարարությունն է, ինչից հետո՝ ուղիղ մեկ օր անց, ՀՀ վարչապետը կրկին հակադարձեց իրեն՝ ասելով, թե պատերազմն իրականում կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր, քանի որ «պատերազմը Շուշիի համար էր»։
Սրանք Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հարցին առնչվող իրարամերժ հայտարարությունների մի չնչին մասին են վերաբերում։

«Ժողովուրդ» օրաթերթը հետայսու ներկայացնելու է նրա՝ ամենատարբեր ոլորտների ու երեւույթների մասին արած ոչ իրական, սուտ կամ հակասական հայտարարությունները։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս