Ապրիլի 17-ից՝«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից նստացույց սկսելու օրվանից մինչ օրս, ներկայիս իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած շատ անձինք միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս օրերին Ազատության հրապարակում, ապա նաեւ Ֆրանսիայի հրապարակում ակցիա իրականացնողների եւ քայլերթի մասնակիցների շարքերում կարելի է տեսնել բազմաթիվ անձանց, որոնք այս չորս տարիներին պաշտոն են զբաղեցրել, սակայն հիմա պայքարում են հենց նրանց դեմ:
Իսկ ովքեր են նրանք.
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն Ազատության հրապարակ Արթուր Վանեցյանի հետ զրուցելու էր եկել ապրիլի 19-ին եւ խոսել նաեւ իր հրաժարականի պատճառների մասին՝ ասելով, թե զորքերի հայելային հետքաշման մասին լսելուց անմիջապես հետո է նման որոշում կայացրել:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շատ վաղուց է միացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիմին եւ երբեք չի թաքցրել, որ հենց նրան է տեսնում ապագա ղեկավար: Այս ընթացքում նա նաեւ ճանապարհներ է փակել, բերման ենթակվել:
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւս այս օրերին հասցրել է լինել Ազատության հրապարակում եւ զրուցել Արթուր Վանեցյանի հետ:
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այս ընթացքում անգամ հասցրել է ամբիոնից ելույթ ունենալ եւ բարձաձայնել այս իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության մասին:
Պատերազմի ժամանակ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին եւս պայքարի առաջին օրերից կարող ենք տեսնել ընդդիմության շարքերում: Նա գրեթե ամեն օր լինում է Ֆրանսիայի հրապարակում:
Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը, արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանը եւ այլք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան