Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործով շարունակում են ձերբակալված մնալ դաշնակցական Գոռ Սարգսյանը եւ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը: Նկատենք, որ ձերբակալված Գոռ Սարգսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական
Սերոբ Սարգսյանի հարազատ եղբայրն է: Ասել է, թե եղբայրներից մեկը ընդդիմադիր է, իսկ մյուսը քաղաքական իշխանության թիմակիցներից մեկը:
Ի դեպ «Ժողովուրդ» օրաթերթն օրերս անդրադարձել էր նաեւ ԱԺ քաղաքացիական խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանին եւ վերջինիս քեռուն: Մասնավորապես գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։ Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։
Ն. Հ.