«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը ուսումնասիրություններ է իրականացրել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մի շարք անհամապատասխանություններ է հայտնաբերել:
Սննդի պատրաստման համար նախատեսված կոմունալ ծախսերի, ճաշարանի, խոհանոցի բանվորներին եւ օգնականներին, աշխատող դատապարտյալներին վճարվող աշխատավարձերի բաշխման գործընթացում խեղաթյուրում է արձանագրվել: Այս ծախսերը կատարվել են քրեակատարողական հիմնարկների հաշվին՝ մատակարարի փոխարեն, որը նախատեսված չի եղել պայմանագրով: Խոսքը ավելի քան 5.5 մլն դրամի մասին է:
Բացի այս, Պալատը «Կոշ» ՔԿՀ-ի 630 ԿՎԱ տրանսֆորմատորի, էլեկտրական սարքավորումների եւ մոնտաժման աշխատանքների հարցում եւս 4 մլն 384 հազար դրամի չափով խեղաթյուրում է հայտնաբերել: «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական մասնաշենքի տանիքի վերակառուցման մասով խեղաթյուրումը կազմել է 16 մլն 516 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի ընթացքում ջրամատակարարման եւ ջրահեռացման գծով ծախսերը սահմանված նորմաներից ավելին են կազմել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում