Օրեր առաջ ձերբակալվեց, ապա կալանավորվեց «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը այն հիմքով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, այնինչ, Դավիթ Ավագյանը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երևան: Նա նաև նշել էր, որ վերջինիս խնամքին են գտնվում երեք անչափահաս որդիները: Սակայն ոստիկանությունը, հաշվի չառնելով այս հանգամանքը, ձերբակալել է վերջինիս, ապա բաժանմունքում փոխել զեկուցագրի բովանդակությունը և Դավիթ Ավագյանին վերագրել ենթադրյալ խուլիգանություն:
Դեպքին անդրադարձել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ քաղաքական այլախոհությունը պատժելու համար իշխանությունը պարտաստ է դիմել ցանկացած ոչ իրավաչափ գործողության՝ կալանավորելով անգամ պատերազմի արդյունքում իր տունը կորցրած մեր հայրենակցին և պատճառաբանելով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր:
«Այս դեպքերի առթիվ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել վերջինիս հանձնարարականը՝ հնարավոր իրավախախտում կատարած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու համար, միաժամանակ, ուսումնասիրության ենթարկելու նրանց գործողությունների իրավաչափությունը և դիտարկելու նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը, ինչպես նաև ընթացքի և արդյունքների մասին տրամադրել տեղեկություն»,-նշեց Թովմասյանը։