ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է -1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ առ այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցի, հետո արդեն 44-օրյա պատերազմի մասին խիստ հակասական հայտարարություններ է արել ու խաբել ժողովրդին։ Պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը քաղաքացիներին բացատրում էր, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»,- 2018-ի օգոստոսի 17-ին ասում էր նա։

Իշխանափոխությունից ուղիղ երկու տարի անց՝ արդեն 2020-ի մայիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնայնությամբ բարձրաձայնում էր. «Թող ոչ մեկ մեզ չասի՝ «Հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»։

Իհարկե, մինչեւ այսօր ո՛չ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների», ո՛չ խորհրդարանական ընդդիմության համար պարզ չէ, թե, ի վերջո, Իլհամ Ալիեւի հետ ինչ է բանակցել «Արցախը Հայաստան է, ու վե՛րջ» ասող Փաշինյանը։ Փաստն այն է, որ բանակցության տապալումը կամ դրա դադարը հանգեցրեց պատերազմի, ինչի մասին Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունները հասարակության համար ասես սառը ցնցուղ լիներ։ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի». սա նրա՝ ապրիլի 13-ին արած հայտարարությունն է, ինչից հետո՝ ուղիղ մեկ օր անց, ՀՀ վարչապետը կրկին հակադարձեց իրեն՝ ասելով, թե պատերազմն իրականում կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր, քանի որ «պատերազմը Շուշիի համար էր»։

Սրանք Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հարցին առնչվող իրարամերժ հայտարարությունների մի չնչին մասին են վերաբերում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետայսու ներկայացնելու է նրա՝ ամենատարբեր ոլորտների ու երեւույթների մասին արած ոչ իրական, սուտ կամ հակասական հայտարարությունները։

 

 

 

 

Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, խոսելու պարտականությունը հանձն առած, մեկը մյուսին հերթ չտալով, այս օրերին ամենատարբեր պիտակներ ու գնահատականներ են տալիս ընդիմությանն ու առանձին գործիչների։ «Թալանչիներ», «ռեւանշիստներ», «սուտ խոստումներ տվողներ». այս ու նմանատիպ այլ բնութագրումներ են տալիս մերօրյա իշխանավորները՝ հաճախ մոռանալով, որ «նախկինների» մեջ նաեւ իրենց հարազատներն ու արյունակցական ազգականներն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։ Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի  հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։ Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթը ցանկանում էր նաեւ ՔՊ խմբակցության քարտուղարի տեսակետը լսել, նա, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց։ Օգնականը նույնպես, որ խոստացել էր մեր՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքն իր վերադասին հասցնել, այդպես էլ հետադարձ կապի դուրս չեկավ մեզ հետ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ այն մասին, որ ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո մի քանի թիմակիցներով քննարկել են տարբերակ, որ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները (որոնք այս օրերին բոյկոտել են ԱԺ նիստերը) սկսեն մանրազնին հաշվել։ Եվ երբ ԱԺ նստաշրջանի կեսից ավելի բացակայությունների սահմանը հատվի, քննարկել են բարձրացնել ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը՝ սկսելով այդպիսի պրոցես։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին՝ հետաքրքրվելով՝ կա  նման բան, թե ոչ.«Չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն եւ ԱԺ աշխատակարգով  սահմանված կանոնակարգումների համաձայն՝ ԱԺ քարտուղարությունն արձանագրում եւ յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում պատգամավորների՝ նիստերից բացակայելու վերաբերյալ։ Այս ամիս եւս բացառություն չէ, եւ տվյալ գործընթացը որեւէ կերպ կախված չէ ԱԺ նախագահից»,- նշեց նա։  Ստացվում է՝ Ծովինար Խաչատրյանը չի հերքում, որ այդպիսի գործընթաց լինելու է, սակայն հղում է արվում «ԱԺ կանոնակարգ» օրենքին։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ շուրջ  3 տարի «Երեւան Կենտրոն» քրեակատարողական  հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի  տակ գտնվող Սերժ  Սարգսյանի  եղբորորդին`  Նարեկ  Սարգսյանը, համաներմամբ  ազատ  կարձակվի: Ինչպես հայտնի  է,  2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան  եւ կալանավորվել: Ավելի  ուշ նա ՀՀ վերաքննիչ  դատարանի  որոշման  արդյունքում 25 միլիոն գրավի  դիմաց ազատ  արձակվեց, սակայն  Վճռաբեկ  դատարանը  բեկանեց ՀՀ վերաքննիչի  որոշումը, եւ  նրան կրկին կալանավորեցին։ 2021  թվականի հունիսի 16-ին  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա  համաներմամբ ազատ  կարձակվի:

 




Լրահոս