Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ավտոմեքենաների ապահովագրության մասին նոր օրինագիծ է շրջանառում: ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այն վերաբերում է 100 հազար դրամ տուգանքը նվազեցնելուն: Արդրադարձել ենք նաեւ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին: Նա նշեց, որ ընդդիմության՝ իշխանության գալու ճանապարհներն անընդունելի են:
-Ձեր գնահատականը ո՞րն է ընդդիմության կողմից ծավալվող գործողությունների վերաբերյալ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում էր, որ հասնելու են իշխանափոխության: Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա ընդդիմադիրների գործելաոճին:
-Գնահատականս հետեւյալն է՝ ցանկացած ընդդիմության նպատակը իշխանության հասնելն է. դա նորմալ է: Բայց այն ճանապարհները, որոնք իրենք տեսնում են հրապարակում, ու անում են իշխանության հասնելու համար, բացարձակ ընդունելի չեն: Կարող են իւշխանության հասնել միայն մի ճանապարհով՝ ապագա ընտրությունների միջոցով, սահմանադրական ճանապարհով: Նրանք այդ հնարավորությունն ունեին 2021 թվականին, հաջորդ հնարավորությունն ունենալու են 2026 թվականին:
-Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը: Ձեզ ասում են, որ հիմա էլ դուք իրավիճակին չեք տիրապետում:
-Նրանք միշտ էին ասում այդ մասին: Իշխանության ամենածանր պահերին՝ պատերազմից մեկ ամիս անց, այդ հարցը մենք տվել ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, եւ նրանք պատասխանել են, թե որ մասը պետք է ընդդիմություն լինի, որ մասը՝ իշխանություն: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատասխան է տվել 5 տարի ժամանակով: Դրանից հետո նորից թող գան մասնակցեն, քաղաքական ճանապարհներով պայքարեն ու հասկանանք՝ ով է իշխանություն: Սակայն մի բան կա, որ իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են այնտեղ, որտեղից սկսվում են այլոց իրավունքները: Իրենք ազատ են իրենց քաղաքական իրավունքների իրացման մեջ, սակայն երբ սահմանն անցնում են եւ այլոց իրավունքներն են ոտնահարում, այստեղ պետությունը գործ անելու պարտավորություն ունի: Պետք է թույլ չտալ, որ այլոց իրավունքները ոտնահարվեն:
-Քննարկվում է ոստիկանների գործելաոճը խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ: Դուք՝ որպես համակարգում երկար ժամանակ աշխատած մարդ, ի՞նչ գնահատական կտաք՝ համաչա՞փ են եղել, թե՞ ոչ:
-Մենք պետք է խնդրին նայենք օբյեկտիվ դաշտում: Ես բավականին մանրամասն ու հնարավորինս ամբողջական ուսումնասիրում եմ տեղի ունեցած պրոցեսները, հատկապես՝ ոստիկանության մասով: Հազարավոր գործողություններ են իրականացվել ոստիկանության կողմից այս մի քանի օրվա ընթացքում, եւ այդ հազարավոր գործողությունների որակյալ մասը, նույնիսկ գրեթե ամբողջ մասը, երբ նայում եմ, ասեմ, որ բավականին պրոֆեսիոնալ, հանդուրժողական է: Հիմնականում համոզման մեթոդիկ կիարռման գնացող գործողություններ են ոստիկանների կողմից: Բայց այս հազարավոր իրադարձությունների մեջ, իհարկե, կան դեպքեր, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ:
-Մեր գործընկերն ուշագնաց էր եղել նրանց գործողությունների հետեւանքով: Ի՞նչ կասեք:
-Ցավում եմ, որ լրագրող է ուշագնաց եղել: Ամեն դեպքում, լրագրողների հանդեպ առանձնահատուկ ուշադրություն պետք է դրսեւորվի, որովհետեւ նրանք հայտնվում են կիզակետում ու, հնարավոր է, ամեն պահի վնասներ կրեն ոստիկանից կամ ցուցարարից:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱԱԾ-ԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր. «ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները եւ դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու եւ նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։ Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»:
Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ այս մասին խոսում է մի պատգամավոր, որի որդիներից մեկը բանակում ծառայել է արտոնյալ պայմաններում, իսկ մյուս որդու համար բարենպաստ պայմաններ են ստեղծել: Այսպիսով, դեռեւս անցած տարի, երբ դեռ ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, իսկ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել էր նրա դեմ «աղմկել», պարզվեց՝ պատճառն այն է, որ նախարարությունը մերժել էր որդուն բանակից ազատելու՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը:
Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը եւս մեկ մերժում է ստանում. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պետք է զորակոչվեր Արցախ, եւ իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու այնտեղ գտնվելն անվտանգ չէ, եւ պետք է չեղարկել նրա՝ Արցախում ծառայությունը, եւ այն կազմակերպել երեւանամերձ զորամասերից մեկում:
Ավելի ուշ տելեգրամյան ալիքը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ՝ առավել ապահով տեղ: Տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, սակայն Անդրանիկ Քոչարյանը հերքեց՝ նշելով, որ իր որդին մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետերում: Իսկ, ահա, Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին հնարավորություն ստացավ ազատվել զինվորական ծառաությունից, քանի որ, ինչպես հայրն էր պնդում, զբաղվում է գիտությամբ: Ստացվում է, որ պաշտոնյաների որդիները կա՛մ գիտնական են, կա՛մ առողջական խնդիր ունեն, կա՛մ էլ արտոնյալ պայմաններում են ծառայում:
Հաջորդը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին էր: «Ժողովուրդ» օրաթերթն անցած տարի հրապարակել էր, որ Պաշտպանության նախարարությունում տարակուսանք է առաջացրել այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու մասով: Բանն այն է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին զորակոչվել է բանակ, սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրների առաջ է կանգնել, եւ նրան տեղափոխել են ծառայության, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում:
Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՉ ՄԻԱՅՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ
Առաջիկայում ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին հնարավոր կլինի ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված ծառայությամբ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը՝ ի տարբերություն գործող կագվարումներով սահմանված՝ մեկ ուղեւորի տեղափոխման արժեքի: Ի դեպ, այս փոփոխության արդյունքում ուղեւորների վճարած փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, եւ փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում որոշված վճարը՝ անկախ նրանից, թե որքան ուղեւոր է տեղափոխել: Այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: Այսինքն՝ փոխադրող կազմակերպությունը, կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն կունենա կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաեւ ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար՝ շահագրգիռ չի լինի տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղեւորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ, տվյալ դեպքում համայնքը հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղեւորների համար՝ ըստ սոցիալական խմբերի: Ավելին՝ համայնքը ինքնուրույն կսահմանի փոխադրման վճարի չափը, հետեւաբար ինքնուրույն կորոշի՝ այն բարձրացնել՝ հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար՝ իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։ Պաշտպանները, որպես ինքնաբացարկի հիմք, ներկայացրին այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։ «Դուք որեւէ կերպ չփարատեցիք այն օբյեկտիվ կասկածները, որ չեք հանդիսանում օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ մի փաստաթուղթ չվկայակոչեցիք, որի համաձայն՝ «պտիչկա» կոչվածով դատարանի նախագահը որոշել է, որ Երեւան քաղաքի բոլոր դատավորներից պետք է հենց Դուք քննեք այս քրեական գործը։ Նաեւ ողջամիտ միջոցներ չձեռնարկեցիք, որպեսզի պարզեք, թե իրականում կան այդ փաստարկները հերքող ինչ-որ տվյալներ: Ինչո՞ւ. քանի որ Դուք շատ լավ գիտեք, քաջատեղյակ եք, որովհետեւ իրականում օրենքի հիման վրա ստեղծված դատարան չեք»,- նշեց պաշտպան Երեմ Սարգսյանը։