ՔԱՆԱՔԵՌՑԻ ՏՈՒՅԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ամիսներ տեւած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, մայիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկում հայտնաբերել ու քրեական ՔՈԳՎ բերման են ենթարկել առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա մի տղամարդու։ Ինչպես  հայտնում են ոստիկանությունից, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա դեկտեմբերին՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

 

2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր էին ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը մահացել էին։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել էին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի եւ դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերել էին 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, նաեւ 43-ամյա Արթուր Ղազարյանի ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանի դիերը։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ մեզ  հասած տեղեկությունների համաձայն՝ քանաքեռցի Տույի սպանությունից 3 ամիս է անցել, սակայն նախաքննական մարմինը դեռեւս գրծով կարեւոր վկային չի հայտնաբերել, ավելին՝ կալանավորված անձինք էլ գործով ցուցմունք չեն տալիս: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էին 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ էր արձակել, եւ նրա ազատման հարցը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը, ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինը ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:

Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ. մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել: Ի դեպ, հայտնաբերված անձը սպանված նախկին պատգամավորի մտերիմներից է:

Ք.Մ.

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Մայիսի 1-ին ոստիկանության Տավուշի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում բուժօգնության են տեղափոխվել Նորաշեն գյուղում ապրող 42 եւ 57 տարեկան երկու տղամարդ։ Ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ ժամը 17:15-ի սահմաններում Նորաշեն գյուղից ոչ հեռու գտնվող հուշաղբյուրի մոտ համագյուղացիների միջեւ վեճ էր ծագել, այդ ընթացքում էլ 43-ամյա մի տղամարդ դանակով խփել ու մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին: Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացավ ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվեց քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 

ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Մասնավորապես, Գավառի բնակիչներից մեկը հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկով» ինքնաձիգը։ «Կալաշնիկով» ինքնաձիգի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաեւ Գավառի բաժնի համայնքային ոստիկանները։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաեւ Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ բնակիչներից մեկը հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Հրացանի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաեւ Վարդենիսի բաժնում՝ շնորհիվ անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու փամփուշտները Սեւանի բաժնում կամավոր հանձնել է Սեւան քաղաքի մի  բնակիչ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ճամբարակի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում եւս արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի եւ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։

 

 

 

250.000 ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։ Շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սեւահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։ Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սեւահողը հանձնվել է համայնքներին։ Նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 250.000 ՀՀ դրամի չափով։ Վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ

Ապրիլի 28-ին Պարեկային ծառայության Երեւանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Երեւանում ծառայություն իրականացնելիս «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ: 40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ, իսկ 39 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լ» գրառմամբ 10 դեղահաբ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակել: Տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Նրանք խոստովանեցին, որ այս տարվա մարտին, նախնական համաձայնության գալով, մի քանի անձից պահանջել եւ ստացել են տարբեր չափի գումարներ, իբր, առանց քննության եւ ընթացակարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։ Ոստիկանության Աշտարակի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ: Մայիսի 2-ին տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

 




Լրահոս