ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է – ՄԱՍ 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ հեռավոր 2016-ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում, անդրադառնալով նոր-նոր ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին, վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:  «Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը: 2018-ի քաղաքական վերադասավորումներից ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են մեկ տասնյակից ավելի անգամներ: Փաշինյանն ու Ալիեւն առանց Արցախի ներկայացուցչի մեկ սեղանի շուրջ նստել են թե՛ 44-օրյա պատերամից առաջ, թե՛ դրանից հետո, հետեւաբար Փաշինյանի հավաստիացումները, թե առանց Արցախի ներկայացուցչի ինքը երբեք ու երբեք որեւէ բանակցության չի մասնակցի, ակնհայտ սուտ էր: Նույն օրը՝ 2016-ի սեպտեմբերի 10-ին, նա հայտարարում էր նաեւ.  «Քանի դեռ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենն են, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ… Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»: Կապիտուլյացիա բառն այժմ չհանդուրժող ու դրա դեմ կատաղի պայքար տվող իշխանավորները, փաստորեն, 2016-ին ՀՀ իշխանությունների համար կապիտուլյացիա են համարել անգամ Բաքվի պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունները: Այժմ, սակայն, 2022-ի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին:

 

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է իշխանության տարբեր օղակների համար գումար աշխատելու հարմար հաստատություն: ՀՖՖ-ում խնամի-ծանոթ- բարեկամ սկզբունքը անխախտ է գործում: Նախ՝ տեղեկացնենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պաշտոնական համակարգողը ՀՀ կառավարության կողմից Հակոբ Սիմիդյանն է՝ շրջակա միջավայրի նախարարը: Նա 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Նույն Սիմիդյանը 2009-2012 թվականներին, որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական, աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Եւ այսօր ՀՖՖ նախագահի տեղակալ է աշխատում նույն «Հայկական ժամանակ»-ի մեկ այլ նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանը:  Ֆուտբոլիստները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, որ ՀՖՖ-ում տեխնիկական վերահսկիչ է կարգվել ՀՖՖ նախագահի տեղակալ, ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանի մանկության ընկերը: Նշենք, որ ՀՖՖ-ն Նիկողոսյանի ընկերոջը մեկ տարվա համար վճարել է անհասկանալի մեծ՝ 18 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախկին տեխնիկական վերահսկիչը 6 տարվա ընթացքում ստացել էր ընդամենը 2,9 մլն դրամ։ Ընկերները, բացի գումար աշխատելուց, նաեւ ֆուտբոլի ակադեմիայում երեկոյան ժամերին իրենց հանգիստն ու ժամանցն են ապահովում: Աբովյանի մարզադաշտի՝ մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն։ Շարունակելի..

 

 

Ազգային ժողովի իշխանական թեւը կրկին գործուղումների մեջ է: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն այս օրերին Վիեննայում են: Ազգային ժողովի նախագահի՝ մայիսի 5-ին ստորագրված կարգադրության համաձայն՝ Ավստրիայի մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ում անունը նույնպես ԱԺ նախագահի կարգադրության մեջ ներառված է, Ավստրիայի մայաքաղաք չի մեկնել: Տեղեկացանք նաեւ, որ Վիեննա դեռեւս չեն մեկնել նաեւ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը. այսօր նրանք նույնպես Վիեննայում կլինեն՝ մասնակցելու այս օրերին այնտեղ ընթացող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ճանաչողական ծրագրին: Նկատենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաճախ է գործուղումների մեկնում՝ ներգրավվելով «վոյաժների» մեկնող հնարավոր գրեթե բոլոր պատվիրակությունների կազմում: Եվրոպայի օդն, ըստ երեւույթին, դրական է ազդել ՔՊ-ական պատգամավորների ստեղծագործական մտքի վրա, ու նրանցից որոշները, օրինակ՝ Գեւորգ Պապոյանը, ընդդիմադիրներին վերաբերող «դիֆերամբներ» սկսել են հենց եվրոպական մայրաքաղաքներից ձոնել:

 

 

 

1 տարի 5 ամիս է, ինչ ԱԱԾ-ում քննվում է ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն դատելով իրավիճակից՝ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց մասով կոնկրետ տվյալներ չունի, թե ով ինչպես է հարվածներ հասցրել, եւ դեռ ավելին՝ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներին է կարողացել գտնել մինչ օրս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ-ին գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, սակայն միջնորդությունը ԱԱԾ-ն մերժել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ժիրիկ Սիրեկանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ դարձյալ խնդրելով թույլ տալ երկրից դուս գալ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելու եւ ընտանիքը պահելու համար. միջնորդությունն ԱԱԾ-ում այս պահին քննարկվում է, եւ դատելով իրավիճակից՝ այս միջնորդությունը եւս կմերժվի: Ստացվում է, որ նախաքննական մարմինը տեւական ժամանակ գործով անցնող անձանց մասով որեւէ քննչական գործողություն չի անում, եւ քրեական գործն էլ մահակի պես պահում է մեղադրյալների գլխին: Արարատ Միրզոյանին ծեծողներն իրականում չեն բացահայտվում, գործն էլ, ըստ էության, կոծկվում է:

 




Լրահոս