Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը:
Կարևորելով Ռուսաստանի հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինի այցը Հայաստան կարևոր է և լրացուցիչ խթան կհաղորդի համատեղ ծրագրերի ընդլայմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և հետևողական ջանքեր է գործադրում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Օլեգ Մատիցինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ շատ ուրախ են տեսնել, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում սպորտի զարգացման գործում և շարունակում է մի շարք նշանակալի ձեռքբերումներ գրանցել տարբեր միջազգային մրցաշարերում: Ռուս նախարարը նշել է, որ պատրաստ են անել ամեն հնարավորը՝ ընդլայնելու ու խորացնելու եղբայրական երկրների միջև հարաբերությունները, որոնք հազարամյակների հիմքեր ունեն:
Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: