Առավոտից շարունակ ահազանգեր եմ ստանում, որ ՀՀ ոստիկանության տուգանային հրապարակ են տեղափոխվել այսօր ընդդիմության ավտոերթին մասնակից մեքենաները, վարորդներին բերման են ենթարկել, այնուհետև տեղեկացրել, որ մեքենաները կարող են վերցնել տուգանային հրապարակից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Ավտոերթին մասնակից մեր հայրենակիցները նշում են, որ ոստիկանները առանց որևէ զգուշացման, առանց արձանագրություն կազմելու, վերադասի ցուցումով պարզապես մեքենայի դուռը բացում և մեքենան տուգանային հրապարակ էին տեղափոխում, և երբ քաղաքացին գնում էր տուգանային հրապարակ, տեղեկացնում էին, որ մեքենան չեն վերադարձնի, մինչև վերադասը, որի ցուցումով մեքենան բերվել էր տուգանային հրապարակ, այս անգամ էլ մեքենան վերադարձնելու ցուցում չտա ։
Բացի այդ, ունենք այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացիներին նույնիսկ արձանագրություն կազմելու համար էին տանում բաժիններ, այնինչ մարդիկ ահազանգում են, որ իրենց մոտ եղել են անձնագրեր, և ոստիկանը կարող էր վերցնել անձնագիրն ու արձանագրություն կազմել՝ առանց բաժին տանելու։ Եվ նույնիսկ այս դեպքում մարդկանց բաժիններ տանելով՝ պահում էին 3 ժամ, մինչդեռ քաղաքացին պետք է պարզապես ստորագրեր և դուրս գար։
Պարզաբանում եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից, որի հանձնարարությամբ ինձ հետ կապ է հաստատել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Վերջինս նշեց, որ ավտոերթին մասնակից վարորդներին զգուշացրել էին, նախապես ծանուցել, ներկայացրել մեքենաները տուգանային հրապարակ տանելու պատճառները, նշել էին, որ մարդկանց բաժին են տեղափոխում երթևեկությանը խոչընդոտելու հիմքով։ Փոխոստիկանապետը խոստացավ ճշտել այն դեպքերը, երբ տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաները հրաժարվում են վերադարձնել առանց վերադասի ցուցումի՝ միաժամանակ հավելելով, որ բացառում է նման դեպքերը։
Օրվա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ ոստիկանության գործողությունների հիմքում է դրվել ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը։
Օրվա բոլոր իրադարձությունների, քաղաքացիների ահազանգերի կապակցությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել հաղորդագրություն հանցագործության մասին՝ իհարկե քաղաքացիների իրավունքների խախտումը արձանագրող տեսանյութերի հետ մեկտեղ։ Գրությունների հերթական խմբաքանակը կուղարկվի միջազգային իմ գործընկերներին»։